17:39 | 26.10.15 | Նորություններ | 3745

ՎիվաՍել-ՄՏՍ-ը սեմինար է կազմակերպել նեոնատոլոգների համար

Այս տարի լրանում է «BirthLink» ՀԿ-ի եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ի համագործակցության ութերորդ տարին:

Ծրագրի նպատակն է կրճատել նորածնային մահացության եւ հիվանդացության մակարդակը՝ առողջական խնդիրներ ունեցող եւ ոչ բավարար քաշով ծնված երեխաներին պատշաճ բուժօգնություն ապահովելու միջոցով:

Որպես «BirthLink»-ի հետ ութամյա համագործակցության շարունակություն` ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գրասենյակում երկօրյա վերապատրաստում է կազմակերպել մարզերի եւ Երեւանի նորածնային բաժանմունքների նեոնատոլոգների համար:

Սեմինարի մասնակիցներին ողջունել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, «BirthLink» ՀԿ-ի տնօրեն Քեթի Մելորը եւ Հայաստանի գլխավոր նեոնատոլոգ Պավել Մազմանյանը:

«Առողջ երեխան ընտանիքի առանցքն է, իսկ ընտանիքը՝ կայուն հասարակության երաշխիքը: Կայուն հասարակությունն էլ, իր հերթին, ցանկացած երկրի զարգացման եւ առաջընթացի նախապայման է: Մենք վճռական ենք պայքարելու Հայաստանում ծնված յուրաքանչյուր երեխայի համար: Մենք ուզում ենք, որ երեխաները ոչ միայն երջանկություն պարգեւեն իրենց ծնողներին, այլեւ՝ լինեն առողջ, արժանավոր մարդիկ եւ  քաղաքացիներ: ՎիվաՍել-ՄՏՍ-ը եւ «BirthLink» ՀԿ-ն այս պայքարում ուս-ուսի տված օգնում են հայաստանյան բժիշկներին՝ նրանց ապահովելով ոչ միայն անհրաժեշտ սարքավորումներով, այլեւ՝ հոգեբանական  աջակցությամբ՝ դժվարին, բայց եւ անգերագնահատելի աշխատանքն առավել արդյունավետ դարձնելու հարցում»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Մինչ օրս ՎիվաՍել-ՄՏՍ-ը շուրջ 600 մլն դրամ է հատկացրել Երեւանի եւ մարզերի քառասուներեք նորածնային բաժանմունքի: