15:14 | 26.10.15 | Նորություններ | 5710
Տավուշի մարզի Կողբ, Ներքին Կարմիրաղբյուր եւ Արծվաբերդ գյուղերում Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) նախաձեռնությամբ եւ «Յուքոմ» ընկերության աջակցությամբ բացվել են ինժեներական ժամանակակից լաբորատորիաներ:
Ինչպես նշել են «Յուքոմ»-ում, լաբորատորիաներում առկա են Հայաստանում արտադրված բարձրակարգ եռաչափ տպիչներ, «Գուգարք» մինի համակարգիչներ եւ այլ սարքեր:
Այստեղ աշակերտները կսովորեն ծրագրավորում, եռաչափ մոդելների նախագծում, հարթաչափային մոդելների հետ աշխատանք, էլեկտրոնիկա, մեխանիկա:
«Շատ կարեւոր է, որպեսզի դպրոցական տարիքից երեխաների մոտ ձեւավորվի տեխնոլոգիական մտածողություն եւ ինժեներական սկզբնական գիտելիքներ, որպեսզի ապագայում, ունենալով տեխնոլոգիապես զարգացած սերունդ, մենք ունենանք մեր հայրենական արտադրանքը, որը հպարտորեն կկրի «Արտադրված է Հայաստանում» կարգախոսը»,- ասել է «Յուքոմ» ընկերության տնօրեն Հայկ Եսայանը:
««Յուքոմ» ընկերությունը մեծապես կարեւորում է կրթության եւ երեխաների գիտելիքների զարգացմանն ու խրախուսմանն ուղղված ծրագրերի իրականացումը: Հատկապես, մեծ ուշադրության են արժանանում կրթության զարգացումը եւ ինովացիոն տեխնոլոգիաների ներդրումը սահմանամերձ բնակավայրերում»,- ասված է հաղորդագրությունում:
Ինժեներական լաբորատորիաներում կարող են վերապատրաստում ստանալ ոչ միայն դպրոցի աշակերտները, այլեւ տեղի եւ մոտակա գյուղերի բնակիչները: