12:10 | 23.10.15 | Նորություններ | 4384

ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ Արծվաբերդն ապահովվել է խմելու ջրով

Արծվաբերդ գյուղում 2014-2015 թթ. իրականացվել է ջրամատակարարման ենթակառուցվածքի զարգացման ծրագիր, որն ամփոփվել է հոկտեմբերի 22-ին տեղի ունեցած համայնքային միջոցառմամբ:

Ծրագիրը իրականացվել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) եւ Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) համատեղ ջանքերով:

«Սահմանամերձ գյուղերում իրականացվող` գյուղացիների ամենօրյա առանց այդ էլ դժվարին եւ վտանգներով լի առօրյան թեթեւացնելուն ուղղված նախաձեռնությունները, հատկապես կենսական անհրաժեշտության այնպիսի խնդրի լուծումը, ինչպիսին խմելու ջրի ապահովումն է, մենք դիտարկում ենք որպես պարտականություն: Երբ ընտանիքի անդամներից որեւէ մեկը դժվարության մեջ է, ընտանիքի բոլոր անդամները միավորվում են, ուժ են տալիս նրան, յուրաքանչյուրն իր հնարավորությունների սահմաններում աջակցություն ցուցաբերում: Հայաստանը մեր բոլորիս մեծ տունն է, որի ամենախոցելի հատվածը սահմանամերձ գյուղերն են, մեր «կենդանի վահանները», եւ մենք պարտավոր ենք այնտեղ ապրող մեր եղբայրներին եւ քույրերին թիկունք լինել, ինչպես որ նրանք են մեր թիկունքին կանգնած»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Ծրագրի շրջանակում վերանորոգվել է վթարային դարձած պոմպակայանը, կառուցվել է համայնքը սնուցող ջրատար եւ ներքին ցանցի ջրագիծ, հիմնանորոգվել է օրվա կարգավորիչ ջրամբարը, ներկայում տեղադրվում են ջրաչափեր:

Եռակողմ համաձայնագրի շրջանակում իրականացվող ծրագրի արդյունքում խմելու ջրի խնդիրը լուծում է ստացել Արմավիրի մարզի Լուկաշին, Արազափ եւ Տավուշի մարզի Բերքաբեր եւ Արծվաբերդ գյուղերում:

Ծրագրի շրջանակում ՎիվաՍել-ՄՏՍ-ը տրամադրել է 70 միլիոն, իսկ ԱՄՆ ՄԶԳ-ն՝ 60 միլիոն դրամ: