13:28 | 14.10.15 | Նորություններ | 5557
Երեւանի 4 երթուղիներ սպասարկող 50 ավտոբուսում տեղադրվել են Օրանժ Արմենիայի վերջին սերնդի MyBox3G/Wi-Fi մոդեմներ, որոնք թույլ են տալիս ինտերնետին միացնել միաժամանակ 32 սարք եւ ապահովում են մինչեւ 21.6 Մբ/վ արագությամբ ինտերնետ կապ:
Այս մասին լրագրողների հետ զրույցում այսօր հայտարարել է Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Եսայանը: Նա նշել է, որ խոսքը ուսանողների երթեւեկը ապահովող 5, 20, 41 եւ 28 համարի 50 ավտոբուսների մասին է:
Ծրագիրն իրականացվել է Օրանժ Արմենիայի եւ Երեւանի քաղաքապետարանի համագործակցության շրջանակում:
«Այս նախագիծը կարեւորում ենք, քանի որ այն իսկապես ցույց է տալիս, թե ինչպես են նորարար տեխնոլոգիաները բարեփոխում մարդկանց առօրյան: Շարժական ինտերենտ կապի առավելություններն օրտագործելով՝ կարողանում ենք ուղեւորների՝ ավտոբուսում անցկացրած ժամանակը դարձնել ավելի բովանդակալից եւ հնարավորություն ստեղծել, առանց հավելյալ միջոցներ վատնելու, այն օգտագործել ընկերների հետ շփման, օրվա լուրերին ծանոթանալու եւ համացանցում նավարկելու համար»,- ասել է Ալեքսանդր Եսայանը:
«WiFi ամենուր» ծրագրի շրջանակում Երեւանի քաղաքապետարանի հետ Օրանժ Արմենիայի համագործակցությունը սկսվել է 2011թ., երբ ավտոբուսներում Օրանժ Արմենիայի MyFi մոդեմներ էին տեղադրվել: Ներկայում MyFi մոդեմները փոխարինվել են MyBox մոդեմներով, ինչը թույլ է տալիս միաժամանակ ինտերնետին ավելի մեծ թվով սարքեր միացնել:
Օրանժ Արմենիայում հավելել են, որ մնացած ավտոբուսներում WiFi ինտերնետից հնարավոր կլինի օգտվել Orange MyFi սարքերի միջոցով: