16:17 | 12.10.15 | Նորություններ | 1425

Մաքուր տեխնոլոգիաների բիզնես գաղափարների մրցույթում պայքարում է 24 թիմ

Այսօր Երեւանում մեկնարկել է «Հայաստանում մաքուր տեխնոլոգիաների գլոբալ ինովացիոն ծրագիր ՓՄՁ-ների համար» ծրագրի եզրափակիչ փուլը, որին մասնակցում է 24 թիմ:

Այսօր եւ վաղը նրանք հանձնաժողովին ներկայացնելու են իրենց բիզնես գաղափարները: Ժյուրիի հանձնաժողովն ընտրելու է 4 հաղթողներին, որոնցից մեկը կճանաչվի ազգային հաղթող: Հաղթողներից յուրաքանչյուրին կշնորհվի $10 հազ. դրամաշնորհ՝ իրենց տեխնոլոգիաների նախատիպերը մշակելու համար:

Բացի այդ, ազգային հաղթողը կստանա հավելյալ ֆինանսավորում՝ մասնակցելու Cleantech Open-ի (ԱՄՆ-ում գործող աքսելերատոր) 2015թ. նոյեմբերի 19-21-ին Սիլիկոնյան հովտում կայանալիք գլոբալ բիզնես ֆորումին եւ ներկայացնելու իր բիզնես մոդելը վենչուրային հիմնադրամներին, ներդրողներին եւ մաքուր տեխնոլոգիաների ոլորտի փորձագետներին:

Մրցույթն իրականացվում է Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի (ԳԷՀ) ֆինանսավորմամբ եւ ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության (ՄԱԱԶԿ) կողմից իրականացվող «Հայաստանում մաքուր տեխնոլոգիաների գլոբալ ինովացիոն ծրագիր ՓՄՁ-ների համար» ծրագրի շրջանակում:
 
Մրցույթին մասնակցելու հայտ ներկայացրած 46 բիզնես գաղափարներից (թիմերից) կիսաեզրափակիչ փուլ է անցել 30-ը, որոնցից 24-ն ավարտել է 10-շաբաթյա հատուկ բիզնես դասընթացներ: Բիզնես մոդելներն ընդգրկում են վերականգնվող էներգիայի, էներգախնայողության, թափոնից էներգիայի ստացման եւ ջրային ռեսուրսներ եւ խնայողություն ոլորտները:

Մրցույթին Itel.am-ի նախորդ անդրադարձը հասանելի է այստեղ: