Վահե Թորոսյանը
14:02 | 12.10.15 | Նորություններ | 7368
Այսօր Երեւանում մեկնարկած Հայաստանի բարձր տեխնոլոգիաների «ԱրմԹեք-2015» 8-րդ գործարար համաժողովի ընթացքում Մայքրոսոֆթի կորպորատիվ փոխնախագահ Վահե Թորոսյանը նշել է, որ տպավորված է հայաստանյան ՏՏ ոլորտի՝ վերջին տասնամյակի նվաճումներով:
«Վերջին անգամ Հայաստան էի այցելել 2008թ., եւ դրանից հետո բավական շատ բան է կատարվել: Երբ հետ ես նայում, թե ինչի ենք հասել վերջին տասնամյակի ընթացքում, ապա դա իսկապես տպավորիչ է»,- ասել է նա:
Վահե Թորոսյանն առանձնացրել է Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանի (ՄԻԿ Հայաստան) ստեղծման փաստը՝ ընդգծելով, որ ստեղծումից մինչ օրս այն աջակցություն է տրամադրել ավելի քան 200 ստարտափի:
«Վիասֆեր Ինթերնեշնլ» ընկերության գլխավոր տնօրեն եւ նախագահ, ԱրմԹեք համաժողովի համահիմնադիր եւ նախագահ Թոնի Մորոյանն էլ ասել է, որ այսօր Հայաստանը բարձր տեխնոլոգիաների եւ ՏՏ ոլորտներում շատ նախանձելի իրավիճակում է:
«Ինձ հաճախ են հարցնում մեր վերջին 7 տարիների կոնգրեսների հաջողությունների մասին: Պետք է ասեմ, որ հասել ենք մեր նպատակների մեծ մասի իրականացմանը: ՏՏ ոլորտի աճն ավելի շատ պայմանավորված է առաջարկով, քան պահանջարկով: Այսօր մենք հաստատել ենք ամուր կամուրջ Հայաստանի եւ Սիլիկոնյան հովտի միջեւ, եւ մեզ գիտեն եւ հարգում են Սիլիկոնյան հովտում»,- նշել է Թոնի Մորոյանը:
Նա տեղեկացրել է, որ «ԱրմԹեք-2015»-ին մասնակցում են հյուրեր ԱՄՆ-ից, Մերձավոր Արեւելքից, Հարավային Ամերիկայից, Եվրոպայից եւ հետխորհրդային երկրներից:
ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին իր հերթին նշել է, որ ոլորտը զարգացման նպատակով առաջին հերթին անհրաժեշտ է ստարտափների համար լավ պայմաններ ստեղծել:
«Այդ ստարտափները պետք է իրենց հայրենիքը համարեն հնարավորությունների երկիր: Պետք է ավելի շատ հաջողակ պատմություններ մշակել եւ դրանք տարածել այնպիսի ոլորտների վրա, ինչպիսիք են գյուղատնտեսությունը, կանաչ տեխնոլոգիաները եւ այլն: Իսկ օտարերկրյա ներդրողները պետք է իրենց այստեղ զգան այնպես, ինչպես իրենց տանը»,- հավելել է Պյոտր Սվիտալսկին: