13:43 | 09.10.15 | Նորություններ | 1464

ԱրմԹեք-ը միջազգային հանրությանը կներկայացնի հայկական հաջողությունները

Հոկտեմբերի 12-ին Երեւանում եւ հոկտեմբերի 14-ին Ստեփանակերտում կկայանա Հայաստանի բարձր տեխնոլոգիաների 8-րդ գործարար համաժողովը՝ ԱրմԹեք Կոնգրես 2015-ը:

Համաժողովի նպատակն է լուսաբանել Հայաստանի տնտեսության համար ռազմավարական նշանակություն ունեցող բարձր տեխնոլոգիաների ոլորտի աճը, խթանել միջազգային համագործակցությունը եւ ներդրումների ներգրավումը, նպաստել ՏՏ ոլորտի մասնագետների միջեւ համագործակցությանը, ինչպես նաեւ Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտը դարձնել գլոբալ ճանաչելի:

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը լրագրողներին տեղեկացրել է, որ ԱրմԹեք-ն այս տարի նշանավորվում է վերազգային կազմակերպությունների բարձաստիճան ներկայությամբ: Նրա տեղեկացմամբ` Հայաստան կժամանի Մայքրոսոֆթի կորպորատիվ փոխնախագահ Վահե Թորոսյանը:

«Այս տարվա նորամուծություններից է նաեւ այն, որ համաժողովը կանցկացվի երկու քաղաքներում՝ Երեանում եւ Ստեփանակերտում: Մյուս կարեւոր նորությունն է այն, որ տարիներ շարունակ կարողանալով շեշտը դնել ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտի վրա, այսօր կարող ենք խոսել նաեւ բարձր տեխնոլոգիաների մասին. կունենանք ճարտարագիտության, մաքուր տեխոնոլոգիաների ոլորտից ներկայացուցիչներ, այդ թեմաներով ելույթներ եւ քննարկումներ»,- ասել է Բագրատ Ենգիբարյանը:

Նա նշել է, որ ներկա են լինելու ինչպես վենչուրային հիմնադրամներից ներկայացուցիչներ, այնպես էլ հրեշտակ ներդրողներ, որոնք, Բագրատ Ենգիբարյանի խոսքով, շատ ավելի կարեւոր են հայկական ստարտափների համար՝ որպես վաղ ներդրում ստանալու հնարավորություն:

«Նախորդ ԱրմԹեք համաժողովներից ծնունդ են առել մի շարք մեծ նախագծեր, որոնք այսօր արդեն իրականացվում են՝ տեխնոլոգիական կենտրոնների հետ կապված նախագծեր, մեկնարկում են Ջրվեժում ինժեներական քաղաքի հիմնադրման աշխատանքները եւ այլն»,- ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը:

«Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանն էլ նշել է, որ համաժողովի շրջանակում ասելիք ունի թե մասնավոր հատվածը, թե կառավարությունը:

«Ասելիքն այն է, որ այս տարիների ընթացքում ոլորտում արձանագրել ենք ակնառու հաջողություններ: Տնտեսության միակ ոլորտը, որին սահմանների փակ լինելը չի խանգարում, դա ՏՀՏ ոլորտն է: ԱրմԹեքի ամենակարեւոր գործառույթն այն է, որ սա հարթակ է, որի միջոցով մենք ներկայանում ենք միջազգային տեխնոլոգիական հանրությանը»,- ասել է նա:

«Վիասֆեր Ինթերնեշնլ» ընկերության գլխավոր տնօրեն եւ նախագահ, ԱրմԹեք համաժողովի համահիմնադիր եւ նախագահ Թոնի Մորոյանն էլ խոսել է հանձինս Արմթեքի՝ համահայկական ցանցի ստեղծման կարեւորության մասին:

«Պետք է կարողանանք Հայաստանն աշխարհին ներկայացնել լավ գույների մեջ, եւ տարածել այն համոզումը, որ Հայաստանը ներդրումների եւ գործունեության համար բարենպաստ վայր է: Օրինակ, Սիլիկոնյան հովիտը ստեղծվեց երեք գործոնների շնորհիվ՝ կառավարություն,  արդյունաբերություն, համալսարաններ: Նույն կերպ պետք է եւ մենք այստեղ աշխատենք»,- ընդգծել է Թոնի Մորոյանը: 

Ծրագրում նախատեսված են քննարկումներ հետեւյալ թեմաներով՝ Հայաստանում բարձր տեխնոլոգիաների վերջին զարգացումներ եւ հաջողության պատմություններ, կրթություն, հետազոտություն եւ մասնագիտական զարգացում, թվային օրակարգ՝ ձեւավորելով միասնական թվային շուկա, ստարտափ աքսելերացիա եւ տարածաշրջանային զարգացում:

ԱրմԹեք-ին զուգահեռ անցկացվելու են Գիտության, տեխնոլոգիաների եւ ձեռներցության ծրագրի (STEP) վենչուրային կոնֆրեանս ու «Մաքուր տեխնոլոգիաներ. Հայաստան» բիզնես գաղափարների մրցույթի 2015թ. ամփոփիչ միջոցառումը: 
 
Համաժողովը կազմակերպվել է ՀՀ կառավարության եւ Համաշխարհային բանկի աջակցությամբ՝ ՁԻՀ-ի կողմից: Հովանավորներն են PicsArt, National Instruments ընկերությունները, Քրոնիմետ բարեգործական հիմնադրամը, Ամերիկայի Հայ օգնության ֆոնդը: Գործընկերներն են՝ Մայքրոսոֆթը, Վիասֆեր տեխնոպարկը, Սինոփսիս Հայաստանը, ՄԱԱԶԿ (UNIDO)-ն, CRDF-ը, Ֆիլիպ Մորիս Հայաստանը, Ֆայնբեռգը եւ Գրին Թրավելը: