09:59 | 30.09.15 | Նորություններ | exclusive 1109

Գործարկվել է Paqqy-ի Android տարբերակը

Հայկական Paqqy համակարգը, որը հնարավորություն է տալիս ճանապարհորդողների միջոցով ուղարկել եւ ստանալ փաթեթներ, արդեն հասանելի է Google Play-ում:

Paqqy-ն, որը ստեղծվել է 2014թ. վերջին՝ Vertigo ընկերության թիմի կողմից, լուծում է փոխադրումների խնդիրն անհատական մակարդակում:

Համահիմնադիրներն են Ռուբեն Համբարձումյանը, Դավիթ Հակոբյան Ալուջասը եւ Ռուբեն Հակոբյան Ալուջասը:

Ավելի վաղ Itel.am-ի հետ զրույցում Ռուբեն Համբարձումյանը նշել էր, որ Paqqy-ի 3 հիմնաքարերն են արագությունը, անվտանգությունը եւ մատչելի գինը:

Paqqy-ն ունի անվտանգության համակարգ, որը հնարավորություն է տալիս առցանց եղանակով հետեւելու փոխադրմանը, ինչպես նաեւ նվազագույնի է հասցնում փաթեթների պարունակության հետ կապված ռիսկերը:

Paqqy-ից օգտվելու համար հարկավոր է գրանցվել, նշել, թե ինչ փաթեթ եք ցանկանում ուղարկել կամ ստանալ եւ որքան եք պատրաստվում վճարել դրա դիմաց: Համակարգում գրանցված փոխադրողներն իրենք կդիմեն ձեզ, եւ դուք հնարավորություն կունենաք ընտրել ձեզ հարմար տարբերակը: Կարելի է անել նաեւ հակառակը՝ գրանցել համակարգում ոչ թե փաթեթ, այլ երթուղի (օրինակ՝ Երեւան-Մոսկվա), եւ համակարգն ինքը կառաջարկի փոխադրողին փաթեթներ, որոնք հնարավոր է «ձեռքի հետ» փոխադրել եւ գումար վաստակել:

Ի դեպ, օրեր առաջ հայտնի դարձավ, որ Paqqy-ն Հայաստանը կներկայացնի նոյեմբերի 11-12-ը Հելսինկիում կայանալիք Slush միջազգային մրցույթ-կոնֆերանսում: