17:02 | 29.09.15 | Նորություններ | 1942

Երեւանում ամփոփվել են «Էլեկտրոնային Հայաստան»-ի ձեռքբերումները

Այսօր Երեւանում մեկնարկել է «Էլեկտրոնային Հայաստան» համաժողովը, որի շրջանակում քննարկվել են էլեկտրոնային կառավարման հայեցակարգին, ոլորտի առաջընթացին եւ ապագա հնարավոր զարգացումներին առնչվող հարցեր:

Համաժողովի կազմակերպիչներն են Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակությունը, Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ), «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը եւ Հայաստանում Էստոնիայի դեսպանությունը:

ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին նշել է, որ Հայաստանում համակարգի ներդրման ծրագիրը կազմում է €25 մլն: Հաջորդ փուլում՝ առաջիկա տարիների ընթացքում, նախատեսվում է փոխգործակցության համակարգի ստեղծում:

Նա նշել է, որ Հայաստանում արդեն հասանելի են այնպիսի գործառույթներ, ինչպիսիք են էլեկտրոնային վիզա համակարգի ներդրումը, էլեկտրոնային փաստաթղթերի համակարգի շրջանառությունը, առցանց վճարումները եւ այլն:

«Այս ամենով հանդերձ՝ ոլորտը պետք է զարգացնել, ինչի ներուժը Հայաստանը, իհարկե, ունի»,- ասել է Պյոտր Սվիտալսկին՝ հավելելով, որ շարունակելու են աջակցել Հայաստանում էլեկտրոնային կառավարման մոդելին:  

«Էստոնիան, լինելով փոքր երկիր, ունի մեծ նվաճումներ էլեկտրոնային կառավարման համակարգերի ստեղծման ոլորտում: Էլեկտրոնային ծառայությունների ոլորտում անհրաժեշտ է ոչ միայն նորարարության խթանում, այլեւ պետության կողմից միասնական միջավայրի ստեղծում, որտեղ ոլորտի տարբեր մասնակիցներ կարող են ստեղծել եւ մատուցել իրենց ծառայությունները՝ համընդհանուր էլեկտրոնային հասարակության հիման վրա»,- նշել է ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը:

Անդրադառնալով «Էլեկտրոնային Հայաստան» ծրագրի ձեռքբերումներին՝ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը նշել է, որ հանրապետությունում ներկայում 110 հազ. մարդ ակտիվացրել է իր թվային ստորագրությունը: Սա, Դավիթ Հարությունյանի խոսքով, նախորդ երեք տարիների համեմատ բավական լուրջ արդյունք է: 

«Էլեկտրոնային կառավարման հնարավորությունները բազմաթիվ են, եւ պետք է մտածել, թե ինչպես ճիշտ օգտագործել հարթակը, որպեսզի Սփյուռքը եւս կարողանա օգտվել դրանից»,- նշել է ՀԲԸՄ կենտրոնական վարչության ժողովի անդամ  Վազգեն Յակուբյանը:

Էստոնիայի էլեկտրոնային կառավարման ակադեմիայի հիմնադիր Իվար Տալլոն էլ նկատել է, որ Հայաստանն արդեն ունի թվային լուծումների բազում օրինակներ:
«Եթե Էստոնիայի նման Հայաստանում եւս գործի էլեկտրոնային կեցության գաղափարը, ապա, օրինակ, սփյուռքահայերը, առանց Հայաստան ճամփորդելու, կկարողանան օգտվել մի շարք ծառայություններից, օրինակ՝ Հայաստանում գնել, վաճառել իրենց սեփականությունը, իրականացնել այլ գործարքներ»,- ասել է նա:

Մինչ օրս ԵՄ աջակցությամբ ՀՀ կառավարական հաստատություններում ներդրվել է էլեկտրոնային փաստաթղթերի կառավարման Mulberry համակարգը, ինչպես նաեւ հարկ վճարողի եւ հարկային հաշվետվությունների, քաղաքացիական կացության ակտերի գրանցման, մեկ պատուհանի սկզբունքով ավտոմեքենայի գրանցման, վարորդական վկայականի տրամադրման, երթեւեկության տուգանքների առցանց վերահսկողության եւ վճարման էլեկտրոնային համակարգերը: