14:36 | 29.09.15 | Նորություններ | 4038

ՎիվաՍել-ՄՏՍ-ի աշխատակիցները Սիսիանում համակարգչային սենյակ են բացել

ՎիվաՍել-ՄՏՍ-ի երկու՝ ադմինիստրատիվ եւ մարդկային ռեսուրսների վարչության աշխատակիցների անձնական ներդրումների շնորհիվ Սիսիանի Աղվան Մինասյանի անվան մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում (ՄՊՍԿ) համակարգչային սենյակ է բացվել:

Կենտրոնին է տրամադրվել 10 համակարգիչ՝ նույնքան սեղան-աթոռներով:

Մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնն ապահովվել է համակարգչային ներքին ցանցով, իսկ 3G/Wi-Fi երթուղիչի միջոցով՝ նաեւ ինտերնետով:

«Արդեն տասը տարի մենք օրինակելի գործունեություն ենք ծավալում Հայաստանում: Ձգտում ենք լինել առաջատար ոչ միայն մատուցվող ծառայություններով, այլեւ կառավարման պատասխանատու մոտեցմամբ: Կարող եմ վստահ ասել, որ այստեղ եւս հաջողել ենք: Մեր ձեռքբերումներից անչափ գնահատելի է երկրին եւ հասարակությանն օգտակար լինելու՝ աշխատակիցների ցանկության դրսեւորումը: Կոնկրետ այս ծրագրով մենք կարեւոր երկու հարց ենք լուծում. նախ՝ պատանիներին օգնում ենք հմտանալ համակարգչային գիտելիքներ ձեռք բերելու հարցում եւ երկրորդ՝ մեր աշխատակիցների օրինակով հասարակությանը պատգամ ենք հղում՝ չլինել անտարբեր»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ  Յիրիկյանը: