17:26 | 25.09.15 | Նորություններ | exclusive 3773
Paqqy համակարգը, որը հնարավորություն է տալիս ճանապարհորդողների միջոցով ուղարկել եւ ստանալ փաթեթներ, Հայաստանը կներկայացնի նոյեմբերի 11-12-ը Հելսինկիում կայանալիք Slush միջազգային մրցույթ-կոնֆերանսում:
Միջոցառումը հնարավորություն է տալիս ստարտափներին ներկայանալ օտարերկրացի առաջատար ներդրողներին եւ ձեռնարկատերերին:
«Մինչեւ վերջին վայրկյանն անսպասելի էր, սակայն հավատում էինք, որ ամեն ինչ լավ կլինի: Որոշման մասին իմանալուն պես շտապեցի կիսվել թիմակիցներիս հետ, պատրաստվում ենք նշել: Բոլոր նախագծերն էլ արժանի էին ուշադրության, եւ մեր մրցակիցներին հաջողություն եմ մաղթում իրենց բռնած գործում: Հուսով եմ՝ Ֆինլանդիայից եւս լավ նորություններով կգանք»,- Itel.am-ին ասել է Paqqy-ի համահիմնադիր Ռուբեն Համբարձումյանը:
Հիշեցնենք, որ հուլիսի 11-ից 12-ը Երեւանում առաջին անգամ կայացած Slush 2015 Global Impact Accelerator մրցույթում հաղթող էին ճանաչվել Paqqy, Renderforest եւ Chally ստարտափները, որոնց միջեւ էլ կատարվել է վերջնական ընտրությունը:
Միջոցառման կազմակերպիչը Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամն էր (ՁԻՀ)՝ IBM Ինովացիոն լուծումների եւ տեխնոլոգիաների կենտրոնի շրջանակում: