16:22 | 11.09.15 | Նորություններ | 4473
Երեւանի կենդանաբանական այգու տարածքում պաշտոնապես ազդարարվել է գերարագ Wi-Fi գոտու ընդլայնման եւ օպտիկամանրաթելային ցանցի գործարկման մասին:
ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից տրամադրվող անվճար Wi-Fi կապի միջոցով այցելուները, տպագիր ցուցանակներից բացի, հնարավորություն կունենան օգտվելու այգու էլեկտրոնային ինտերակտիվ քարտեզներից եւ ուղեցույցներից:
«Կենդանաբանական այգու ողջ տարածքում գործող Wi-Fi գոտում այցելուները կկարողանան անխոչընդոտ այցելել այգու պաշտոնական կայք, ծանոթանալու լրահոսին եւ դիտելու այգու եւ նրա բնակիչների մասին պարբերաբար թարմացվող տեսանյութերը:
Օպտիկամանրաթելային ցանցի ստեղծումը նաեւ հնարավորություն կտա գործարկել կենդանիների մասին պատմող ցուցատախտակների վրա տեղադրված QR կոդերը (մատրիցային կամ եռաչափ շտրիխկոդ): Համապատասխան ծրագիր ունեցող այցելուները կարող են վայրկյանների ընթացքում ստանալ տվյալ կենդանատեսակի մասին բազմաֆորմատ ինֆորմացիա: Առանձին աուդիո փաթեթներ կմշակվեն տեսողական խնդիրներ ունեցող անձանց համար»,- ասված է հաղորդագրությունում:
ՎիվաՍել-ՄՏՍ-ում նշել են, որ օպտիկամանրաթելային ցանցի կառուցումը հնարավոր է դարձել Ռալֆ Յիրիկյանի անձնական՝ 3.8 միլիոն դրամի ներդրման շնորհիվ: Վայրի բնության եւ մշակութային արժեքների հիմնադրամը (FPWC) նույնպես մասնակցել է նախագծին՝ հատկացնելով եւս 3.8 միլիոն դրամ:
«Վերջին շրջանում կատարված բարեփոխումներից հետո Երեւանի կենդանաբանական այգին իրապես դարձել է էկոկրթական, դաստիարակչական կարեւոր կենտրոն, որտեղ երեխաները սովորում են հոգ տանել բնության, կենդանիների մասին, համալրում են իրենց գիտելիքներն այս բնագավառում, մասնակցում են հետաքրքրասիրություն եւ առողջ ապրելակերպ խրախուսող միջոցառումների, դիտում են ուսուցողական ֆիլմեր: Բնական է, որ այդ ամենը պատշաճ կերպով կազմակերպելու, առավել գունեղ դարձնելու եւ շրջայցերը տեխնիկական միջոցներով առավել հյարմարավետ դարձնելու համար անհրաժեշտ է ինտերնետ հասանելիություն: Որպես մասնավոր անձ՝ ես ուրախ եմ աջակցելու կենդանաբանական այգու նախաձեռնություններին:
Օպտիկամանրաթելային ցանցի կառուցումը հնարավորություն է ընձեռում այգու տարածքով մեկ գործարկել տեսախցիկներ, ինչպես նաեւ էականորեն ընդլայնել անվճար Wi-Fi կապի հասանելիությունը»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: