12:38 | 11.09.15 | Նորություններ | 1233
Armenia StartUp Cup Challenge 2015 մրցույթի շրջանակում սեպտեմբերի 12-ին եւ 13-ին «Այբ» դպրոցում կկայանա «Extreme Build-A-Business Weekend» գործնական սեմինարը:
«Այբ»-ում նշել են, որ սեմինարի սկզբում կանցկացվի 30 մենտորների վերապատրաստում «StartUp Cup»-ի կրթական ծրագրով:
Սեմինարին բացման խոսքով հանդես կգան Հայ-բրիտանական ձեռներեցության պալատի նախագահ Հռիփսիմե Դեղձունյանը, Հայաստանում Ամերիկայի առեւտրի պալատի նախագահ Տիգրան Ջրբաշյանը, «StartUp Cup»-ի փոխնախագահ Արաքսյա Մարտիրոսյանը եւ «Այբ» դպրոցի տնօրեն Արամ Փախչանյանը:
Սեմինարի ընթացքում մշակվելու են նախնական ընտրությունն անցած 50 ստարտափների բիզնես-մոդելները: Միջոցառման ավարտին 25 լավագույն նախագծերը կանցնեն մրցույթի հաջորդ փուլ:
«Armenia StartUp Cup Challenge 2015»-ի տարվա լավագույն բիզնես-նախագծերի մրցույթը մեկնարկել է մարտին:
Մրցույթի առաջին փուլն իրականացվել է ծրագրի գործընկեր «Լույս» հիմնադրամի կողմից այս տարվա ապրիլի 13-ից մայիսի 20-ը: «Լույս»-ը կազմակերպել է մի քանի տեղեկատվական հանդիպում Երեւանում, ինչի արդյունքում «Armenia StartUp Cup Challenge 2015» մրցույթին մասնակցության դիմում է ուղարկել 66 ստարտափ: