12:49 | 28.08.15 | Նորություններ | 3570

Facebook-ի եւ Instagram-ի մարկետոլոգը նշանակվել է PicsArt-ի փոխնախագահ

Հայ մասնագետների ստեղծած PicsArt ընկերության փոխնախագահ է նշանակվել Facebook-ի եւ Instagram-ի նախկին մարկետոլոգ Էրիկ Էջը:
 
Ինչպես հաղորդում է Techcrunch.com-ը, Էրիկ Էջն ավելի քան 4 տարի ղեկավարել է Facebook-ի մարկետինգի բաժինը Եվրոպայում, Մերձավոր Արեւելքում եւ Աֆրիկայում, ինչպես նաեւ մասնակցել Instagram-ի բրենդային ռազմավարության մշակմանը:

Ըստ Techcrunch.com-ի՝ Էրիկ Էջը չի ծրագրել լքել իր նախկին աշխատավայրը, սակայն երբ լսել է PicsArt-ի մասին, մտափոխվել է՝ նշելով, որ այս ստարտափը «առաջ է շարժվում», եւ այնտեղ նորարարությունների հնարավորություն կա:

«Առաջին հայացքից կարող է թվալ, թե PicsArt-ը Instagram-ի մրցակիցն է, սակայն Էջը պնդում է, որ այն ուսումնասիրելուց հետո պարզ է դառնում, որ դրանք արմատապես տարբեր են: Էջի խոսքով՝ եթե Instagram-ը մարդկանց հնարավորություն է տալիս օգտագործել լուսանկարներն իրենց կյանքի պահերն անմահացնելու եւ դրանք տարածելու համար, ապա PicsArt-ը թույլ է տալիս ստեղծել համատեղ բովանդակություն: Այսինքն, PicsArt-ի օգտատերերը կարող են տեղադրել իրենց լուսանկարը #freetoedit հեշթեգով եւ տեսնել, թե մյուս օգտատերերն ինչ կարող են անել այդ լուսանկարի հետ»,- գրում է Techcrunch.com-ը:

Ըստ կայքի՝ աշխատանքի հրավիրելով Էրիկ Էջին՝ PicsArt-ը կարծես ազդարարում է հավելվածն ավելի բրենդային դարձնելու մտադրության մասին: Էջը նկատում է, որ սա ճիշտ բնութագրում է՝ հավելելով, որ ընկերությունը կենտրոնացած է օգտատերերի հանրույթ ստեղծելու ուղղությամբ:

«Ինչ-որ տեղ ես կարծում եմ, որ բրենդների համար կա հսկայական հնարավորություն՝ մեզ հետ դառնալու մասնակիցն այն ամենի, ինչ մենք անում ենք»,- ասել է PicsArt-ի նորանշանակ փոխնախագահը: 

PicsArt-ը ներկայում ունի շուրջ 65 մլն ակտիվ օգտատերեր:

«Սա ընկերություն է, որը թափ է հավաքում շուկայում: Այն պարզապես կարիք ունի մեկի, որը կգա եւ կօգնի բիզնես կառուցել: Ես դրա օղակն եմ»,- ասել է Էրիկ Էջը:
 
Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլին PicsArt-ը $15 մլն-ի նոր ֆինանսավորում էր ստացել ամերիկյան Sequoia Capital վենչուրային ընկերությունից: