15:40 | 10.07.15 | Նորություններ | 1581

Երեւանում կայացել է Huawei ընկերության շնորհանդեսը

Այսօր Երեւանում կայացել է Huawei կազմակերպության շնորհանդեսը՝ նախատեսված Հայաստանի ՏՏ ոլորտի մասնագետների համար:

Միջոցառման կազմակերպիչը Interesting ընկերությունն է:

«Հույս ունենք, որ Huawei Հայաստանը կդառնա հզոր նորարարական կենտրոն: Մենք հավատում ենք Հայաստանին, քանի որ հայերը շատ խելացի ժողովուրդ են: Huawei-ը զարգանում է երեք ուղղություններով՝ կապի օպերատորներ, կորպորատիվ շուկա եւ մոբայլ սարքեր: Մենք՝ որպես ասիական ընկերություն, եվրոպական եւ ամերիկյան ընկերությունների հետ մրցում ենք ոչ միայն գնի, այլեւ բարձրորակ արտադրանք ներկայացնելու առումով: Բազմաթիվ մրցակիցներ ունենք շուկայում, սակայն համոզված եմ, որ Հայաստանում կզբաղեցնենք մեր տեղը՝ հաշվի առնելով այն, որ պատրաստվում ենք հեղափոխություն բերել այստեղ»,- նշել է Huawei Armenia-ի տնօրեն Դինգ Բինը:

«Գուցե վերջին 20 տարիներին տպավորություն է ստեղծվել, թե Չինաստանը միայն ցածրորակ պրոդուկտների արտադրությամբ է զբաղվում, սակայն Huawei-ն իր օրինակով փորձում է ցույց տալ, որ դա այլեւս այդպես չէ: Ընկերությունը գիտի, թե ինչպես միտումներ են սպասվում առաջիկա տասնմայակում եւ այս առումով մենք հստակ ռազմավարություն ենք մշակել»,- ասել է Huawei Russia Enterprise-ի դեպարտամենտի տնօրեն Ցաո Չոնգը:

«Մեր համագործակցության շնորհիվ մեկ տարի առաջ Երեւանում՝ Թումանյան 27 հասցեում, բացվել է Huawei-ի՝ ԱՊՀ-ում առաջին եւ դեռեւս միակ սրահը: Մեր գլոբալ նպատակն այս պահին Հայաստանում Huawei-ի ճանաչմանը հասնելն է»,- իր հերթին ասել է Հայաստանում Huawei-ի պաշտոնական դիստրիբյուտոր «Մոբլիօս» ՍՊԸ-ի տնօրեն Տաթեւ Սարգսյանը:

Միջոցառման ընթացքում պարբերաբար իրականացվել են խաղարկություններ, որոնց հաղթողներն արժանացել են Huawei ընկերության տարբեր մրցանակների: