10:45 | 11.06.15 | Հոդվածներ | exclusive 93134

Անվճար wi-fi` հանրային վայրերում

Հայաստանն այն քիչ երկրներից է, որտեղ անվճար wi-fi կապ կարելի է գտնել գրեթե ամեն քայլափոխի:

Itel.am-ը փորձել է պարզել, թե Հայաստանում գործող հեռահաղորդակցության օպերատորները Երեւանում եւ դրա սահմաններից դուրս ո՞ր վայրերում են անվճար wi-fi տրամադրում: Այդ նպատակով հարցում էինք ուղարկել 5 օպերատորներին, որոնցից 3-ի պատասխանը ներկայացնում ենք ստորեւ: Beeline եւ ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունները տեղեկություններ չեն տրամադրել:

«Օրանժ Արմենիա»

2011-ից մի շարք համալսարանների տարածքում գործում են wi-fi անկյուններ: Նույն թվականից wi-fi սարքեր են տեղադրված Երեւանի կենտրոնական մարդաշատ մի քանի կանգառում. կապին կարելի է միանալ առանց ծածկագրի:

2011-ից Orange-ի wi-fi սարքեր են տեղադրված նաեւ Երեւանի շուրջ 100 ավտոբուսում:

Ընկերությունում նշում են, որ ներկայում Երեւանի քաղաքապետարանի հետ տարվում են աշխատանքներ՝ անհրաժեշտության դեպքում ավտոբուսներում տեղադրված սարքերը թարմացնելու կամ այլ մոդելի մոդեմներով փոխարինելու ուղղությամբ:

Երեւանից դուրս Orange-ն անվճար wi-fi կապ է տրամադրում հետեւյալ տարածքներում՝

- 2011-ից Orange-ի wi-fi անկյուններ են գործում համալսարանների մարզային մասնաճյուղերում՝ մասնավորապես, Գորիս, Գավառ, Գյումրի, Կապան, Իջեւան, Եղեգնաձոր եւ Վանաձոր քաղաքներում:

- 2010-ից ՀՀ գյուղական համայնքներում Orange-ն իրականացնում է համակարգչային սրահների կահավորում՝ անվճար տրամադրելով համակարգիչներ, ինտերնետ մոդեմներ եւ համապատասխան կահույք: Համայնքների բնակիչները համակարգչային սրահներից օգտվում են անվճար կամ սիմվոլիկ գումարով (որը երբեմն սահմանվում է համայնքի կողմից, զուտ կենտրոնի նվազագույն ծախսերը հոգալու համար):

«Յուքոմ»

«Յուքոմ» ընկերությունն անվճար wi-fi կապ է տրամադրում Երեւանի հետեւյալ հանրային տարածքներում՝ Խնկո-Ապոր գրադարան, Ազգային գրադարան, Գիտությունների ազգային ակադեմիայի հիմնարար գրադարան, Երաժշտագիտական գրադարան, Ավ. Իսահակյանի անվան գրադարան, «Երեւան մոլ» առեւտրի կենտրոն, Սիրահարների այգի, Հյուսիսային պողոտա, Ազատության հրապարակի տարածք, Jazzve սրճարանների ցանց:

Երեւանից դուրս «Յուքոմ»-ի անվճար wi-fi կապ է գործում Ծաղկաձորի ամբողջ տարածքում, Եղեգնաձորի եւ Արմավիրի կենտրոնական այգիներում:

Ընկերությունում մտադիր են առաջիկայում անվճար wi-fi ցանցով ապահովել Էջմիածին եւ Կապան քաղաքները:

«Ռոստելեկոմ»

«Ռոստելեկոմ» ընկերությունը Երեւանում անվճար Wi-fi  է տրամադրում հետեւյալ տարածքներում՝ Մաշտոցի պուրակ, «Թումո»-ի հարակից այգի, Հանրապետական հիվանդանոցի հարակից այգի, Կայարանին հարող հրապարակ, Գարեգին Նժդեհի հրապարակ:

2013-ից ընկերությունը սկսել է անվճար wi-fi կապ տրամադրել «Դալմա Գարդեն մոլ»-ի տարածքում, Դավիթաշենի այգում, Հյուսիսային պողոտայում, Կոմայգիում, Մերգելյան ինստիտուտի այգում, իսկ 2014-ից՝ Հանրապետության հրապարակի հարակից տարածքում:

Ընկերությունը wi-fi կապ է տրամադրում նաեւ Աբովյան քաղաքում՝ եկեղեցու հարակից տարածքում, ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ՓԲԸ-ի գլխամասի հարակից տարածքում:

«Ռոստելեկոմ»-ի անվճար wi-fi կապից կարելի է օգտվել Ջերմուկ եւ Կապան քաղաքների մի շարք հատվածներում եւ Դիլիջանի քաղաքապետարանի այգում:

Ընկերությունում նշել են, որ շուտով անվճար wi-fi-ով կապահովեն Վանաձորի Տիգրան Մեծ եւ Կապանի Դավիթ Բեկ փողոցները:

Նարինե Դանեղյան