16:28 | 05.06.15 | Նորություններ | 8693
Երեւանի կենդանաբանական այգում այսօր կայացել է «Նկարչական օր» ամենամյա միջոցառումը՝ Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) եւ գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի համատեղ նախաձեռնությամբ։
Նկարչական օրը նշանավորել է Համահայկական նկարչական 8-րդ մրցույթի ավարտը: Մրցույթի թեման այս տարի «Տոհմածառ»-ն էր:
«Գույնի, ստեղծագործականության, կենսուրախության, լավատեսության տոն լինելուց բացի, «Նկարչական օր»-ն ունի նաեւ ուսուցողական եւ դաստիարակչական նշանակություն: Հենց այսպիսի միջավայրում են երեխայի մեջ ավելի լավ տպավորվում բնությունը սիրելու, պահպանելու, սեփական մշակույթը եւ արմատները ճանաչելու, ինքնությունը պահելու ուղերձները, որոնք դրված են այս միջոցառման հիմքում: ՎիվաՍել-ՄՏՍ-ը բարձր է գնահատում այս նախաձեռնությունը, քանի որ այն համահունչ է մեր ընկերության առաջնահերթությունների եւ արժեհամակարգի հետ»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
«Նկարումս փորձել եմ պատկերել գունեղ ու լուսավոր տոհմածառ, որտեղ նաեւ ընդգրկել եմ հեռավոր Ամերիկայում գտնվող իմ հարազատներին»,- իր նկարի մասին պատմել է 12-ամյա Սաթենիկ Մխիթարյանը:
Միջոցառմանն առանձին տաղավարներով ներկայացված էին եւ երեխաներին կրթական ու մրցութային ծրագրեր էին առաջարկում Հայաստան Ծառատունկ Ծրագիրը, Բրիտանական խորհուրդը, ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստանը, ՀՕՖ Երեխաների աջակցության կենտրոնը եւ այլք:
Համահայկական նկարչական 8-րդ մրցույթի արդյունքները կամփոփվեն 2015թ. օգոստոսին:
Հաղթողները կստանան մրցանակներ՝ հեծանիվ, ֆոտոխցիկ, տեսախցիկ, գիրք, համակարգիչ, իսկ երեխաների նկարները կշրջանառվեն տպագիր եւ առցանց հրապարակումներում, ցուցահանդեսներում: