12:30 | 29.05.15 | Նորություններ | 1375

Մեկնարկել է մարզերի ուսուցիչների համար Վիքիպեդիայի դասընթացը

Աղվերանում մեկնարկել է Վիքիպեդիայի հնգօրյա դասընթաց՝ նախատեսված մարզերի ուսուցիչների եւ երիտասարդ մասնագետների համար:

«Վիքիմեդիա Հայաստան» ՀԿ-ի կողմից կազմակերպվող դասընթացին մասնակցում են Արարատի, Սյունիքի, Լոռու, Արագածոտնի, Տավուշի մարզերի գյուղական բնակավայրերի 36 երիտասարդ ուսուցիչներ եւ օպերատորներ։ Դասընթացի նպատակն է զարգացնել Հայաստանում Վիքիպեդիայից օգտվելու եւ այն համալրելու մշակույթը:

Մասնակիցները կհամալրեն հայերեն Վիքիպեդիան կրթական նյութերով, կտիրապետեն վիքի գործիքներին, իսկ հետագայում վիքի նախագծերում կներգրավեն նաեւ իրենց աշակերտներին։

Նշենք, որ ապրիլին նմանատիպ դասընթաց էր կազմակերպվել Լիբանանի ավագ դպրոցների ուսուցիչների համար։

«Վիքիմեդիա Հայաստան»-ի առաջնահերթ խնդիրներից է խթանել համացանցում հայերեն բովանդակության եւ Հայաստանի մասին օտար լեզուներով բովանդակության զարգացումը՝ Վիքիպեդիայի եւ քույր վիքի նախագծերի օգնությամբ: