16:08 | 27.05.15 | Նորություններ | 1724

    Գյումրիի եւ Վանաձորի 7 տեխնոլոգիական թիմ արժանացել է դրամաշնորհի

    Հայտնի են մայիսի 25-ին Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնում կայացած Գյումրիի եւ Վանաձորի համաֆինանսավորվող դրամաշնորհային մրցույթի հաղթողները:

    Մրցույթը, որին մասնակցել են 29 թիմեր եւ ընկերություններ, կազմակերպում է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը (ՁԻՀ)՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության եւ Համաշխարհային բանկի աջակցությամբ:

    Ինչպես ՁԻՀ-ից տեղեկացրել են Itel.am-ին, Գյումրիի համաֆինանսավորվող դրամաշնորհային մրցույթում հաղթող է ճանաչվել 6 թիմ: Դրանք են՝
     
    - «Արատտա» - ինտելեկտուալ-ռազմավարական առցանց խաղ, որը խաղացողներին հնարավորություն է տալիս ինտելեկտուալ մակարդակում մրցել աշխարհի այլ կետերում գտնվող մարդկանց հետ` առանց լեզվական արգելքների հանդիպելու (հարցերը կարող են ստանալ յուրաքանչյուրն իր մայրենի լեզվով): Խաղի միջոցով կարելի է նաեւ բարելավել գիտելիքների պաշարը եւ լեզվական հմտությունները:
     
    - BooksPlus - սոցիալական ցանց է, որը համախմբում է գրքասեր հասարակությանը: Ներկայում շուկայում չկա այնպիսի սոցիալական ցանց, որտեղ ընթերցողները, գրքերի հեղինակներն ու հրատարակիչները կկարողանան հաղորդակցվել միմյանց
    հետ: BooksPlus-ը տալիս է այդ հնարավորությունը՝ ապահովելով ընթերցող-հեղինակ հրատարակիչ կապը:

    Յուրաքանչյուր օգտատեր կարող է բաժանորդագրվել հրատարակիչներին կամ հեղինակներին՝ ստանալով ծանուցում իր նախընտրած ժանրի գրքերի մասին: Օգտատերերը կարող են գիրք ձեռք բերել անմիջականորեն հրատարակչից: Ի դեպ, տեսողության հետ խնդիրներ ունեցող մարդիկ եւս կկարողանան օգտվել ծրագրից:

    - Localz - զբոսաշրջիկներին հնարավորություն է տալիս ընտրել նախապես մշակված ուղեւորությաններից իրենց համար առավել նախընտրելին կամ պատվիրել անհատական էքսկուրսիա: Հնարավոր է էքսկուրսավարի ծառայություն առաջարկող տեղացիներից անմիջապես ստանալ գնային տեղեկություն, ինչպես նաեւ ծանոթանալ տեղացի էքսկուրսավարների վարկանիշներին եւ արձագանքներին՝ նախքան նրանց հետ աշխատելը:

    - 4car - կայքն առաջարկում է խախտումների մասին ծանուցումների ստացում, ավտոմեքենայի առք ու վաճառքի հայտարարություններ, տեղեկատվություն ավտոտեխսպասարկման կենտրոնների ծառայությունների որակի եւ առաջարկների մասին:

    - Renderforest - առցանց վիդեո ստեղծման հարթակ, որը օգտագործողին առաջարկում է ստեղծել կորպորատիվ եւ անձնական օգտագործման հոլովակներ, ներառյալ ընտանեկան սլայդ շոուներ, բացատրական բիզնես վիդեոներ, լոգոյի անիմացիաներ, հաղորդաշարերի բացման/փակման վիդեոներ, կինետիկ տիպոգրաֆիա եւ այլն: 

    - Հերթերի կառավարման առցանց համակարգ - ծառայում է սպասարկման որակի բարելավման նպատակով` հաճախորդների հոսքերի կառավարման, վերահսկման միջոցով: Շուկայում առկա ՀԿ համակարգերը ներկայացված են սարքավորումների եւ ծրագրային ապահովման միասնական լուծման տեսքով, ինչը հաճախորդների համար խոչնդոտ է հանդիսանում համակարգի ճկունության, գնի մատչելիության եւ շահագործումը սկսելու համար անհրաժեշտ երկար եւ ֆորմալ գործընթացի տեսանկյունից:

    Իսկ Վանաձորի համաֆինանսավորվող դրամաշնորհային մրցույթում հաղթել է մեկ նախագիծ՝ EasyLunch-ը:  Լանչերի առաքման ծառայությունն աշխատում է բաժանորդագրությունների մոդելի հիման վրա: Ծառայությունը համատեղում է սննդի առցանց պատվիրումը անկանխիկ առեւտրի հետ: EasyLunch-ի հիմնական թիրախը կորպորատիվ հատվածում լրիվ դրույքով աշխատող մարդիկ են: