ՎիվաՍել-ՄՏՍ
16:32 | 18.05.15 | Նորություններ | 4428
Ճարտարապետ Դեվիդ Հենքոքսը եւ Ամստերդամի թագավորական կենդանաբանական այգու աշխատակից, լանդշաֆտային դիզայներ Թայս դե Զեուն Երեւանի կենդանաբանական այգու տարեշրջանի բացմանն ընդառաջ այցելել են Երեւան:
Այցը կազմակերպել էր Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC)՝ «FPWC-ն եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ը` Երեւանի կենդանաբանական այգու համար» նախագծի շրջանակում։
«Զարգացման նման ռիթմով Երեւանի կենդանաբանական այգին կարող է մոտ ապագայում ներկայանալ ոչ միայն որպես լավագույնը տարածաշրջանում, այլեւ ամենաուշագրավներից մեկն աշխարհում»,- լրագրողների հետ հանդիպմանն ասել է Դեվիդ Հենքոքսը, որը 2011-ից փորձագետի կարգավիճակով մասնակցում է նաեւ Երեւանի կենդանաբանական այգու նոր գլխավոր հատակագծի մշակմանը:
Անդրադառնալով Երեւանի կենդանաբանական այգու ընթացիկ փոփոխություններին՝ Թայս դե Զեուն կարեւորել է այգու բարենպաստ տեղանքը, որը թույլ է տալիս շատ կենդանիների համար ստեղծել բնականին մոտ կենսական պայմաններ:
Կենդանաբանական այգու տնօրեն եւ FPWC-ի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանն էլ ասել է, որ այգին հունիսի 1-ին հանրությանը կներկայանա բոլորովին այլ տեսքով։
Առանձնակի կարեւորվել է FPWC-ի գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությունն այգում իրականացվող բարենորոգչական, կրթական եւ բնապահպանական նախագծերին:
Նոր ազատավանդակներ են կառուցվել վագրերի, գայլերի, արջերի եւ մի շարք այլ կենդանիների համար:
Հունիսի 1-ին բացվող այգու մուտքի գնային քաղաքականության մասին տնօրենը հայտնել է, որ գնացուցակում կլինեն մի շարք տարբերակներ, մասնավորապես, կտարբերվեն հանգստյան եւ տոն օրերի տոմսերի գները, կլինեն նաեւ սեզոնային, ընտանեկան եւ այլ փաթեթներ: