Անդրեաս Սանդրեն
08:45 | 16.05.15 | Հարցազրույցներ | exclusive 166095
Մայիսի 11-12-ը Երեւանում անցկացվել է ՀՀ ԱԳՆ Դիվանագիտական դպրոցի կազմակերպած «Թվանշային դիվանագիտություն. հեռանկարներ ու մարտահրավերներ» համաժողովը, որին մասնակցել է ավելի քան 70 դիվանագետ ու գիտնական 25 երկրից:
Համաժողովի շրջանակում Itel.am-ը բառացիկ զրույց է ունեցել «Twitter դիվանագետների համար» գրքի հեղինակ, Վաշինգտոնում Իտալիայի դեսպանատան մամուլի հարցերով կցորդ Անդրեաս Սանդրեի հետ: Ստորեւ ներկայացնում ենք զրույցի առավել ուշագրավ հատվածները:
Թվանշային դիվանագիտությունը ես դիտարկում եմ մի քանի տեսանկյունից: Ակնհայտորեն, Թվանշային դիվանագիտության ամենաակնառու հատվածը սոցիալական մեդիաներն են՝ Facebook-ը, Twitter-ը, ինչպես նաեւ LinkedIn-ը: Սակայն մենք պետք է շարունակենք փորձարկումները՝ տեսնելու, թե ինչպես կարելի է դրանք լավագույնս օգտագործել: Օրինակ, ԱՄՆ-ում կա մի քանի դեսպանություն, որոնք ակտիվորեն աշխատում են այնպիսի հարթակներում, ինչպիսիք են BuzzFeed-ն ու Snapchat-ը՝ դրանք դիտարկելով որպես Twitter-ի ու Facebook-ի սահմաններից դուրս գալու միջոց:
************
Թվանշային դիվանագիտությունը ոչ միայն սոցիալական ցանցերն են, այլեւ նորարարությունները, գաղափարների մեջ կատարվող ներդրումները, քանի որ հենց դրանք են առաջընթացի շարժիչ ուժերը: Տեխնոլոգիաների շնորհիվ երիտասարդ դիվանագետները կկարողանան դիվանագիտական պրակտիկայում նոր գաղափարներ կիրառել: Թվանշային դիվանագիտությունը նաեւ համակարգի «փլուզում» է: Սովորաբար «փլուզումը» բացասական երեւույթ է, սակայն եթե այն դիտարկենք նորարարության տեսակետից, ապա դրական երանգ է ստանում: Դա նաեւ նշանակում է, որ դասեր են քաղվում սխալներից ու ձախողումներից:
************
Ինչպես եւ դասական դիվանագիտության մեջ, սոցիալական մեդիաներում կարելի է սխալ արտահայտվել, կամ որեւէ բան հնարավոր է՝ սխալ ընկալվի: Մենք պետք է երկու անգամ մտածենք ցանկացած բան հրապարակելուց առաջ: Օրինակ, իմ ընկերը, որն աշխատում էր Եգիպտոսի դեսպանատանը, հեղափոխության ու ամենամեծ քաոսի օրերին հրապարակել էր դեսպանությունում ընթրիքի մի լուսանկար: Իտալացի բլոգերներից մեկը նկատել էր նկարը, եւ այն արագորեն տարածվել էր համացանցում: Մեկնաբանություններ էին արվում, որ դիվանագետն իր անմիջական պարտականությունները կատարելու, իտալական համայնքին աջակցելու ու Կահիրեում տեղի ունեցող դեպքերի մասին օպերատիվ տեղեկատվություն հայտնելու փոխարեն զվարճանում է դեսպանատանը: Սակայն դա զվարճանքի հետ որեւէ կապ չուներ. լուսանկարի հիմնական գաղափարն այն էր, որ անգամ նման քաոսային իրավիճակում պետք է հնարավորինս պահպանել սառնասրտությունն ու լավատեսությունը: Այնպես որ, պետք է զգույշ լինել:
************
Հարկավոր է ուշադրություն դարձնել վիճակագրությանը: Դա կարեւոր է, քանի որ հնարավորություն է տալիս հասկանալ, որքան «հեռու է գնում» ձեր հաղորդագրությունը: Դուք կարող եք սովորել այն մարդկանցից, որոնք «հետեւում են» ձեզ: Եվ սա միայն միջազգային հարաբերություններին չի վերաբերում:
************
Կարեւոր է նաեւ անձամբ օգտագործել սոցիալական մեդիաները: Քանի որ մարդկանց հետաքրքիր է, թե ինչով է զբաղվում դեսպանը գրասենյակից ու աշխատանքային պայմաններից դուրս: Այնպես որ, «մարդկային» կողմը նույնպես կարեւոր է, եւ այդ իմաստով պետք է օրինակ վերցնել հայտնի աստղերից: Հակառակ դեպքում՝ դուք հաջողակ չեք լինի, դուք միայն չոր պաշտոնական հաղորդագրություններ եք հրապարակելու՝ իրական ներգրավվածություն ստեղծելու փոխարեն:
************
Համաժողովում իր ելույթի ընթացքում Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը կատակեց, որ ԵՄ-ն նույնպես ունի ակտիվ օգտահաշիվներ սոցիալական մեդիաներում, սակայն դրանք այնքան շատ տարածում չունեն, ինչպես Քիմ Քարդաշյանի էջերը: Երբեմն Թվանշային դիվանագիտությունը հաջողության հարց է: Օրինակ, Քիմ Քարդաշյանի այցը Հայաստան մեծ ուշադրություն գրավեց Ցեղասպանության ու 100-րդ տարելիցի թեմաների հանդեպ: Այդ մակարդակի ուշադրություն երբեք չէր լինի, եթե Քարդաշյանը չայցելեր Հայաստան:
Հայաստանն ու այլ փոքր եւ ոչ այդքան փոքր երկրները չեն կարող մեծ ուշադրություն գրավել առանց նման հաջողության: Որոշ մարդիկ դա անվանում են «փոքրիկ հրաշք»: Այն փաստը, որ Քիմ Քարդաշյանն այստեղ էր 100-րդ տարելիցից 10 օր առաջ, նման «հրաշքի» օրինակ է, որովհետեւ, եթե դուք նայեք սոցիալական ցանցերի վիճակագրությանը, ապա կտեսնեք, թե Հայաստանն ինչպիսի մեծ թռիչք կատարեց իր հանդեպ ուշադրության առումով: Քիմ Քարդաշյանի նման աստղերը շատ կարեւոր են Թվանշային դիվանագիտության կիրառման հարցում, եւ ձեր բախտը բերել է, որ աշխարհի ամենահայտնի դեմքերից մեկը ձեր հայրենակիցն է:
Անդրեաս Սանդերսի հետ զրուցել է Արամ Արարատյանը