Րաֆֆի Գրիգորյանը
Րաֆֆի Գրիգորյանը
Րաֆֆի Գրիգորյանը
Րաֆֆի Գրիգորյանը
11:45 | 29.04.15 | Հարցազրույցներ | exclusive 191472
Twitter-ի նախկին փոխնախագահ Րաֆֆի Գրիգորյանն արդեն մեկ ամիս է՝ ամերիկյան Uber ընկերության Առաջատար տեխնոլոգիաների կենտրոնի ինժեներական գծով ղեկավարն է:
Րաֆֆի Գրիգորյանն այս օրերին Հայաստանում էր: Ապրիլի 25-ին «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում նա մասնակցել է HIVE Engineering Leadership Summit-ին:
Itel.am-ի բացառիկ հարցազրույցը Րաֆֆի Գրիգորյանի հետ:
-Ներկայում, կարծեմ, աջակցում եք հայկական մի քանի տեխնոլոգիական ընկերությունների՝ ամերիկյան շուկայում ներկայանալու հարցում: Ի՞նչ որակներ պետք է ունենա հայկական ստարտափը Ձեր ուշադրությունը գրավելու համար:
-Ազնվորեն ասեմ, եթե դուք հայ եք, ապա, ամենայն հավանականությամբ, ես կօգնեմ ձեզ: Պարզապես հայկական ինքնություն ունենալը բավարար է իմ կողմից ուշադրության արժանանալու համար: Իրականում շատ են այն ստարտափները, որոնք իմ օգնությանն են դիմում, եւ դժվար է բոլորին ընդառաջել, սակայն եթե դուք հայ եք, ես ամեն պարագայում կխոսեմ ձեզ հետ: Այս օրերին ԱՄՆ-ում հետաքրքրված եմ CodeFights հայկական ստարտափով, որի հիմնադիր Տիգրան Սլոյանը Երեւանից է եւ մի քանի տարի առաջ է տեղափոխվել ԱՄՆ: Մեկ այլ հայկական ստարտափ էլ կգործարկվի մի քանի ամսից:
-Որո՞նք են հայկական ստարտափների ամենատարածված սխալները:
-Մի քանիսն են: Առաջին հերթին, նրանք պրուդուկտի ստեղծման ընթացքում չեն բացահայտում, թե ինչ են ստեղծում՝ սպասելով մինչեւ այն կատարյալ տեսք ստանա: Իրականում ընդհակառակը՝ այն պետք է ընթացքում ցույց տալ եւ հասկանալ թերի կողմերը: Տպավորություններն ու թերությունների մասին խորհուրդները հնարավոր է՝ այնքան էլ հաճելի չլինեն, սակայն դա անհրաժեշտ քայլ է:
Հայկական ստարտափները բավարար ժամանակ չեն նվիրում դիզայնի գործընթացին: Հայաստանում շատ լավ ինժեներներ կան, սակայն նրանք պետք է սովորեն պրոդուկտ մշակել եւ այն վերջնական տեսքի բերել: Հնարավոր է, պատճառը այստեղի կրթական համակարգն է, ոչ այնքան լավ դասավանդումը:
Հայաստանում կան լավ մասնագետներ, սակայն պակասում է մնացած աշխարհի հետ կապը, միացումը: Պետք է թիմի ղեկավարում սովորել, զարգացնել սոֆթի գիտելիքները եւ ինժեներական մենեջմենթի իմացությունը: Հուսով եմ՝ այդ խնդիրները շուտով կլուծվեն:
-Կարծում եք, հնարավո՞ր է Հայաստանում ստացած կրթությամբ որակյալ մասնագետ դառնալ:
-Անշուշտ: Կարող եք, օրինակ, Հայաստանում կայք ստեղծել, եւ դրանից օգտվի ամբողջ աշխարհը: Հաճախ ասում են՝ մենք պետք է գնանք ամերիկյան շուկա, որպեսզի զարգանանք, սակայն նույնը հնարավոր է անել այստեղ: PicsArt-ը, Teamable-ը դա տեղում անելու լավ օրինակներ են:
-Եթե նախկինում Հայաստանում Ձեզ կոչում էին «Twitter-ի Րաֆֆի», ապա այսուհետ անվանում են «Uber-ի Րաֆֆի», քանի որ մեկ ամիս առաջ միացաք Uber-ին: Ինչպիսի՞ն են առաջին տպավորությունները նոր աշխատավայրից:
-Կարող եմ խոսել միայն այն ամենի մասին, ինչի վրա Uber-ում անձամբ եմ աշխատում: Աշխատում եմ այնպիսի նախագծերի վրա, որոնք 5-10 տարի հետո են գործարկվելու՝ դրանք ապագայի ծրագրեր են: Սակայն այս աշխատանքը հիասքանչ է: Վերջին մեկ ամսում այնքան էլ շատ չեմ քնել, քանի որ իսկապես սիրում եմ իմ աշխատանքը: Նշեմ նաեւ, որ Uber-ի Առաջատար տեխնոլոգիաների կենտրոնը առանձնացած է մնացած Uber-ից:
Րաֆֆի Գրիգորյանն ու Նարինե Դանեղյանը
Լուսանկարը՝ Մեդիամաքս
-Ի՞նչ են իրենցից ներկայացնում ինքնավար կառավարմամբ ավտոմեքենաները (self-driving cars) եւ ե՞րբ դրանք կհայտնվեն շուկայում:
-Իսկապես չգիտեմ, թե դրանք երբ կհայտնվեն շուկայում: Ու չեմ էլ կարող հաստատել՝ արդյոք աշխատո՞ւմ եմ այդ նախագծի վրա, թե՞ ոչ: Սակայն այդ մեքենաների գործառույթը հետեւյալն է. դու գնում ես ավտոմեքենան եւ նա քեզ A կետից B-ն է տեղափոխում: Շատ մարդիկ են այսօր աշխատում այդ ուղղությամբ, եւ կարծում եմ, որ սա ուղեւորափոխադրումների ոլորտում նոր դարաշրջան կբացի:
-Քանի որ տեւական ժամանակ աշխատել եք Twitter-ում, գուցե տեղյա՞կ եք, թե ինչ նորություններ ներկայում ունի Twitter-ը Հայաստանի համար: Օրինակ, Հայաստանը ե՞րբ տեղ կգտնի այն ցանկում, որտեղ հեշթեգերը դասակարգվում են՝ ըստ աշխարհագրական դիրքի:
-Ես կրկին չեմ կարող հստակ բան ասել, սակայն երկրներն այդ ցանկում հայտնվում են այն դեպքում, երբ Twitter-ում ակտիվ ներգրավված օգտատերերի մեծ թիվ ունեն: Այն դեպքում, եթե Հայաստանում օգտատերերի թիվն ավելանա, Twitter-ի թիմը կքննարկի այդ հնարավորությունը: Ւ դեպ, վերջերս տեղեկացա, որ Twitter-ում հայերեն հեշթեգերն արդեն աշխատում են: Սրանք հաջորդական քայլեր են:
-Գիտեի՞ք, որ Uber-ի ոճի մի քանի ծառայություններ են գործում Հայաստանում:
-Այո, դրանք ինձ ներկայացրել են:
-Կցանկանայի՞ք Ձեր հերթին դրանք Uber-ին ներկայացնել:
-Այո, ուրախ կլինեմ դա անել:
-Եթե ելույթով հանդես գալու լինեիք TEDx Yerevan-ում, ի՞նչ թեմա կընտրեիք:
-Հնարավոր է, Սփյուռքի հետ կապված որեւէ թեմա ընտրեի, օրինակ, թե ինչ նշանակություն ունի ինքնությունն այս օրերին: Ես կիսով չափ եմ հայ, իմ որդին՝ մեկ քառորդով, իմ հայերենը բավական վատ է, եւ չնայած այս ամենին՝ ես մեզ ամբողջովին հայ եմ համարում: Հայերի մի զգալի հատված չի ապրում այս երկրում, եւ հետաքրքիր կլիներ իմանալ, թե ինչ է նշանակում հայ լինել՝ Հայաստանից դուրս: Ես այդ առումով մի շարք մտքեր ունեմ եւ կցանկանայի խոսել այդ թեմայով:
Ի դեպ, HIVE Engineering Leadership Summit-ը հիանալի փորձ էր: Կցանկանայի, որ նման միջոցառումներ նորից կազմակերպվեն, սակայն հաջորդ անգամ հույս ունեմ, որ դրան կմասնակցեն տեղացի բանախոսներ:
Րաֆֆի Գրիգորյանի հետ զրուցել է Նարինե Դանեղյանը