17:22 | 15.05.15 | Նորություններ | 2068

ԴիջիԹեք-ի 8-րդ բիզնես ֆորումը՝ հունիսի 19-20-ը

Հունիսի 19-ին եւ 20-ին կկայանա 8-րդ ԴիջիԹեք բիզնես ֆորումը՝ «Խելացի լուծումներ խելացի բիզնեսի համար» խորագրի ներքո:

Ֆորումի նպատակն է աջակցել գործարար ոլորտի զարգացմանը, ստեղծել արդյունավետ պայմաններ արդի տեխնոլոգիական լուծումների ծանոթացման եւ փոխանակման համար:

Համաժողովի թեմաներն են՝ տուրիզմ, առեւտուր, գյուղատնտեսություն, շինարարություն ու հանքաարդյունաբերություն, ֆինանսաբանկային ոլորտ, էլեկտրոնային առեւտուր, առողջապահություն, կրթություն եւ տրանսպորտ:
 
Ֆորումի ընթացքում կանցկացվեն պլենար նիստեր, գործարար ներկայացումներ, ցուցահանդես, սեմինարներ, կլոր սեղաններ, գործարար հանդիպումներ՝ տեղական ու միջազգային գործարար համայնքի, փորձագետների եւ պետական մարմինների մասնակցությամբ:

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) կողմից կազմակերպվող ֆորումի շրջանակում այս տարի առաջին անգամ կանցկացվի խելացի լուծումներ կիրառող ընկերությունների մրցանակաբաշխություն:

«Այսօր արտասահմանյան եւ դրանց ամենեւին էլ չզիջող հայկական ՏՏ ընկերություններն առաջարկում են բազմաթիվ տեխնոլոգիական լուծումներ արդյունավետ բիզնեսի կառավարման համար: Իսկ խելացի գործարարներն ու ղեկավարները լավ գիտակցում են, որ ձեռներեցության եւ, առհասարակ, աշխատանքի կառավարման արդյունավետությունն ու անվտանգությունը մեծապես կախված է  նաեւ տեխնոլոգիական լուծումների կիրառումից: ԴիջիԹեք բիզնես ֆորումի շրջանակում առաջին անգամ անցկացվող մրցանակաբաշխությունը մեզ հնարավորություն կտա  ռեալ գնահատելու ստեղծված պահանջարկի եւ առաջարկի հարաբերակցությունն ու որակը»,- նշել է ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը: