16:51 | 15.05.15 | Նորություններ | 3545
ՎիվաՍել-ՄՏՍ-ը անհատույց ցանցային նոր սարքավորումներ է հանձնել Հայկական ինտերնետ տրաֆիկի փոխանակման «Արմիքս» հիմնադրամին:
ՎիվաՍել-ՄՏՍ-ի նվիրաբերած HP DL 370 սերվերները թույլ կտան ապահովել «Արմիքս» հիմնադրամի կողմից սպասարկվող ինտերնետի հայկական հատվածի անխափան շահագործումը, հնարավորություն կստեղծեն «Արմիքս»-ին միացած օպերատորներին իրականացնել ինտերնետ տրաֆիկի փոխանակում` օգտագործելով ինչպես 1 ԳԲ, այնպես էլ 10 ԳԲ կապակցման հնարավորությունները:
Ակնկալվում է, որ կբարելավվի նաեւ «Արմիքս»-ի միջոցով փոխկապակցված օպերատորներին տրամադրվող Գուգլ Գլոբալ Քեշի (Google Global Cache-GGC) եւ հայկական կոնտենտի խոշորագույն կետի` «Արմթուբ»-ի (www.arm-tube.am) հասանելիությունը:
«ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակական աջակցություն է տրամադրում հայկական կոնտենտի ստեղծման, զարգացման նախաձեռնություններին, ինչպես նաեւ ինտերնետի հայկական հատվածի կենսագործունեությունը ապահովող կառույցներին: Մեր ընկերությունն այս մոտեցումը համարում է ոլորտի առաջընթացի եւ բիզնեսի կայուն զարգացման կարեւոր նախապայման»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
ՎիվաՍել-ՄՏՍ-ը «Արմիքս»-ի վարչության անդամ է: