15:49 | 15.05.15 | Նորություններ | 2072

Մեկնարկել է «Ոզնի 2015» համակարգչային մրցույթը

Այսօր Հայ-հնդկական գերազանցության կենտրոնում մեկնարկել է «Ոզնի 2015» ամենամյա համակարգչային դպրոցական երկօրյա մրցույթը:
 
Մրցույթի նպատակն է բացահայտել աշակերտների համակարգչային կարողություններն ու հմտությունները, հնարավորություն տալ նրանց համակարգչային ծրագրերի միջոցով արտահայտել իրենց ստեղծագործական մտքերը եւ ստուգել սեփական կարողությունները:
 
2009թ. մեկնարկած մրցույթին այս տարի մասնակցելու հայտ է ներկայացրել 6-9-րդ դասարանների 1000 աշակերտ, որոնցից ընտրվել է 328-ը՝ Երեւանի 28 եւ ՀՀ մարզերի 53 դպրոցներից:

Վիճակահանության միջոցով մասնակիցները կընտրեն իրենց աշխատանքի թեմաները եւ սահմանված ժամանակի ընթացքում կներկայացնեն դրանք: Ամսվա վերջում հայտնի կդառնան հաղթողները՝ ստանալով պատվոգրեր եւ մրցանակներ:

Մրցույթի հեղինակ-կազմակերպիչներն են Ռուզան Նիկոյանը (N65 ավագ դպրոց) եւ Մարիաննա Թովմասյանը (N161 հիմնական դպրոց եւ N65 ավագ դպրոց)։ Գլխավոր աջակիցն է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը՝ Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնի հետ համատեղ։