Անտոն Մերկուրովը
13:15 | 12.05.15 | Հոդվածներ | exclusive 3020
Այս տարի մայիսի 16-ին անցկացվող «Թանգարանների գիշեր» միջոցառման մասնակիցներն առաջին անգամ հնարավորություն կունենան շփվել FireChat մոբայլ հավելվածի օգնությամբ, ընդ որում՝ առանց ինտերնետի առկայության:
Ինչպես Itel.am-ին պատմում է նախաձեռնության հայազգի հեղինակ, մոսկվայաբնակ Անտոն Մերկուրովը, չաթը ստեղծվել է հատուկ այդ օրվա համար՝ ՀՀ մշակույթի նախարարության հետ համատեղ:
«Ամերիկյան FireChat հավելվածն առաջին մեսենջերն է, որը կարող է աշխատել նույնիսկ այն ժամանակ, երբ ինտերնետ չկա: Այն սմարթֆոններին թույլ է տալիս Bluetooth-ի, Wi-Fi-ի եւ այլ ձեւերով կապ հաստատել միմյանց հետ (Peer-to-peer computing): 2014թ. հավելվածը մի շարք երկրներում օգտագործվել է որպես հաղորդակցման միջոց՝ բողոքի ցույցերի ժամանակ: Նախաձեռնությունը Հայաստանում իրականացնելով՝ ցանկանում եմ ցույց տալ, որ սա իսկապես լավ տեխնոլոգիա է»,- նշում է Անտոն Մերկուրովը:
Նրա խոսքով՝ չատի օգնությամբ մինչեւ 50 մ հեռավորության վրա գտնվող մարդիկ կկարողանան շփվել միմյանց հետ:
Անտոն Մերկուրովը նշում է, որ ներկայում FireChat-ի համաշխարհային լսարանն ավելի քան 5 մլն է:
«Եթե ՀՀ-ում այդ օրը գոնե 50 հոգի միմյանց հետ հաղորդակցվեն, ապա ես գոհ կլինեմ, քանի որ այսօր առաջնային է ցույց տալ տեխնոլոգիան եւ նրա աշխատանքը: Սա շարունակական նախագիծ է լինելու, եւ մտադիր ենք այն հետագայում եւս կիրառել ՀՀ-ում»,- ասում է Անտոն Մերկուրովը:
Ի դեպ, FireChat-ի այս տեխնոլոգիան ԱՊՀ տարածաշրջանում՝ «Թանգարանների գիշեր» միջոցառման շրջանակում, առաջին անգամ կկիրառվի ՀՀ-ում:
Նարինե Դանեղյան