15:48 | 11.05.15 | Հոդվածներ | exclusive 2092

Գովազդ՝ անվճար wi-fi-ի դիմաց

Երեւանի մետրոպոլիտենի կայարաններում, որոշ սրճարաններում եւ հասարակական վայրերում անվճար wi-fi-ին միանալու համար այսուհետ կառաջարկեն գովազդ դիտել:

«Անվճար wi-fi-ին միանալու համար պետք է դիտել գովազդ, որի մեկնարկից 6 վայրկյան անց կարող եք այն շարունակել դիտել կամ անջատել (skip): Դրանից հետո անմիջապես կմիանաք անվճար ինտերնետին»,- Itel.am-ին ասել է WiMedia ընկերության տնօրեն Հարություն Նահապետյանը:

WiMedia-ի տնօրենի խոսքով՝ գովազդի այս տեսակը մի քանի անգամ ավելի արդյունավետ է, քան, օրինակ, բանները կամ հեռուստատեսային գովազդը:

«Ամենաազդեցիկ կրիչը, որտեղ մարդուն կարող ես ինչ-որ բան ներկայացնել կամ գովազդել, դարձել է նրա սմարթֆոնը կամ պլանշետը: Իսկ գովազդը չդիտելու հնարավորություն չկա, քանի որ այն հայտնվում է մոբայլ սարքի ամբողջ էկրանի վրա եւ շատ կարճ է տեւում: Մարդը, որը կարիք ունի անվճար ինտերնետի, դիտում է գովազդն առնվազն 6 վայրկյան»,- ասում է նա:

WiMedia-ն գովազդատուին առաջարկում է նաեւ գովազդի դիտումների վերաբերյալ տվյալների տրամադրում:

«Հատուկ ծրագրի միջոցով բոլոր գովազդատուներն մուտք ունեն դեպի իրենց գովազդի դիտումների համակարգ: Ամեն օր կարելի է մտնել եւ տեսնել, թե կոնկրետ որ վայրում որքան դիտում է ունեցել ձեր գովազդը, ինչպես նաեւ թե ձեր մի քանի գովազդներից որն է ավելի հետաքրքիր եղել մարդկանց համար: Գովազդատուն ինքն է որոշում, թե քանի մարդ պետք է դիտի այդ գովազդը»,- նկատում է Հարություն Նահապետյանը:

Նարինե Դանեղյան