12:09 | 06.05.15 | Հոդվածներ | exclusive 2663

Մոբայլ գեյմինգի հայկական շուկայի առանձնահատկությունները

Վերջին շրջանում մոբայլ գեյմինգը, ինչպես եւ ՏՏ մյուս ուղղությունները, ակտիվորեն զարգանում է Հայաստանում:

Itel.am-ն արդեն անդրադարձել է այս ոլորտին՝ ներկայացնելով Frismos եւ Underwater Apps ընկերությունները, Shadowmatic, PokerQuickie, Dotox, Froo Zoo, Play and Learn խաղերը:   

Մոբայլ գեյմինգի հայկական շուկայի առանձնահատկությունների մասին այսօր զրուցել ենք Froo Zoo խաղի հիմնադիր Դավիթ Բունիաթյանի եւ Armenia Unity Users Group-ի հիմնադիր, Play and Learn խաղի ստեղծող Վարդան Մելիքսեթյանի հետ:

Ոլորտի խնդիրների թվում Դավիթ Բունիաթյանն առանձնացնում է հանգամանքը, որ Հայաստանում խաղերը քիչ են թեստավորվում իրական օգտատերերի շրջանում եւ միանգամից տեղադրվում են ներբեռնման հարթակներում:

«Այդպես են վարվում, առանց պատկերացում կազմելու, թե մարդկանց դա դուր կգա՞, թե՞ ոչ: Խնդիր է նաեւ այն, որ հազվադեպ ես հանդիպում խաղերի կոնկրետ անալիտիկայի: Խոսքը ոչ թե ամսական օգտատերերի քանակի մասին ուսումնասիրությունն է, այլ ավելի դետալային պատկերը: Օրինակ, թե խաղի օրական եւ ամսական օգտատերերի հարաբերակցությունը որքան է, կամ այն ներբեռնելուց հետո երկրորդ օրը կամ մեկ շաբաթ անց օգտատերերի քանի տոկոսն է նորից օգտագործում խաղը»,- պարզաբանում է նա:


Դավիթ Բունիաթյան

Խնդիրների թվում Դավիթ Բունիաթյանն առանձնացնում է նաեւ Հայաստանում գեյմ դիզայներների բացակայությունը, որոնք պետք է զբաղվեն խաղի մեխանիկայի մշակմամբ եւ խաղն առավել հրապուրիչ դարձնեն:

Մյուս կողմից, նրան ոգեւորում է հանգամանքը, որ այսօր Հայաստանում շատերն են ցանկանում խաղ ստեղծել:

«Հայաստանում կան ոլորտի զարգացման համար պահանջվող բոլոր հնարավորությունները, ուղղակի մարդիկ են հարկավոր իրենց գաղափարներով, որոնք կարող են խաղեր ստեղծել: ԱՄՆ-ում գտնվելու առավելությունը հենց կապերն են: Նույն Apple-ի ուշադրությանն արժանանալու համար կապեր եւ հնարավորություններ են պետք: Դրա համար, թեկուզ աշխատելով Հայաստանից, պետք է ամերիկյան շուկայում ներկայացվածություն ունենալ, ծանոթանալ ոլորտի մարդկանց հետ, ինչը էլփոստի միջոցով անելն իրականում բարդ է: Նոր-նոր ստեղծված ստարտափի պարագայում հնարավոր է միայն Հայաստանում աշխատել, սակայն հետագա փուլերում պետք է լուծել նաեւ միջագզային շուկա դուրս գալու հարցը»,- նկատում է Froo Zoo-ի հիմնադիրը, հավելելով, որ մոբայլ գեյմինգի տեղական շուկան զարգացման չափազանց լուրջ միտումներ ունի:

Վարդան Մելիքսեթյանը մոբայլ գեյմինգի հայկական շուկայի դրական հատկանիշների շարքում առանձնացնում է հանգամանքը, որ Հայաստանում շատերը մոբայլ սարքեր ունեն եւ պարբերաբար տարբեր հավելվածներ ու խաղեր են ներբեռնում:


Վարդան Մելիքսեթյանը

«Սակայն, միեւնույն ժամանակ, հետխորհրդային երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, մարդիկ չեն սիրում վճարել պրոդուկտի համար՝ փորձելով վճարովի հավելվածները ներբեռնել անօրինական ճանապարհներով»,- նշում է նա:

Վարդան Մելիքսեթյանի խոսքով՝ ոլորտի զարգացվածության առումով ՀՀ-ն հետ է այլ երկրներից:

«Բոլորը խաղեր են սարքում են այնպես, ինչպես կարողանում են՝ առանց հաշվի առնելու այն քայլերը, որոնք պետք է իրականացնել խաղ պատրաստելու ընթացքում: Այնպես որ, Հայաստանը մոբայլ գեյմինգի մշակույթ ձեւավորելու կարիք ունի»,- նկատում է նա:

Նարինե Դանեղյան