17:34 | 29.04.15 | Նորություններ | 1870

Ներկայացվել է «Կիբերտիրույթ. տեղեկատվական անվտանգություն եւ իրավունք» ձեռնարկը

Այսօր ներկայացվել են «Կիբերտիրույթ. տեղեկատվական անվտանգություն եւ իրավունք» ձեռնարկը եւ դրանում ընդգրկված «Առցանց անվտանգության կանոնների պահպանումը Հայաստանում» թեմայով հարցման արդյունքները:
 
Ձեռնարկը հրատարակվել է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ի կողմից՝ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ֆինանսական աջակցությամբ:

Անանուն հարցումն իրականացվել է Հայաստանի լրատվամիջոցների եւ քաղաքացիական հասարակության 50 ներկայացուցիչների շրջանում, որոնցից յուրաքանչյուրը պատասխանել է 50 հարցի: Դրա նպատակն է` բացահայտել լրագրողների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կողմից տեղեկատվական անվտանգության կանոնների պահպանման կարեւորության ընկալումը` որպես ցանցի ակտիվ սպառողներ:

Այն տեղեկություններ է պարունակում հարցվածների կողմից կիրառվող թվային սարքերի եւ օպերացիոն համակարգերի, համացանցից օգտվելու հաճախականության, սեփական տեղեկատվական անվտանգությունը պահպանելու մեթոդների, թվային սարքերից օգտվելիս առաջացող հիմնական խնդիրների եւ կիբերհանցագործության թիրախում հայտնվելու սեփական փորձի մասին:

«Հարցվածների մեծ մասը, կարծես, ճիշտ սահմանում է տալիս, թե ինչ է կիբերհանցագործությունը, սակայն անվտանգության հարցերին վերաբերող պատասխաններից երեւում է, որ բավարար չի գիտակցում սեփական անձի համար կիբերհանցագործությունից բխող վտանգներն ու վնասները»,- ասել է նախագծի հեղինակ, «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ նախագահ Սուրեն Դեհերյանը:

Նա նշել է, որ հարցվածների շրջանում չկա մեկը, որը կբացառի իր կողմից կիրառվող թվային սարքերում օտար, անցանկալի ծրագրի կամ վիրուսի հայտնաբերումը, ինչը նշանակում է, որ բոլոր մասնակիցներն առնվազն մեկ անգամ կիբերհանցագործության զոհ են եղել:
 
«Կիբերտիրույթ. տեղեկատվական անվտանգություն եւ իրավունք» ձեռնարկի էլեկտրոնային տարբերակը առաջիկա օրերին հասանելի կլինի նաեւ www.jnews.am կայքում:  Տպագիր տարբերակը անվճար ստանալու համար կարելի է գրել info@jnews.am էլհասցեին: