18:29 | 27.04.15 | Նորություններ | 3992
Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի ու գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի նախաձեռնությամբ ապրիլի 27-ին եւ 28-ին Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում անցկացվում է «Ծաղկահավաք» ամենամյա համատեղ միջոցառումը:
2010-ից ի վեր, ամեն տարի՝ ապրիլի 24-ից մի քանի օր անց, թոշնած ծաղիկները հավաքվում են, դրանց ցողունն անջատվում է ծաղկաթերթերից, առաջինից պարարտախառնուրդ է ստացվում, իսկ ծաղկաթերթերն օգտագործվում են ձեռակերտ վերամշակված թուղթ պատրաստելու համար: Մեկ կիլոգրամ չորացած ծաղկաթերթերից ստացվում է А3 ձեւաչափի 40 թուղթ։
Հատուկ տեխնոլոգիայով պատրաստված ձեռակերտ թուղթը նվիրաբերվում է Ցեղասպանության թանգարանին, որը վերջին տարիներին այն գործածում է հուշագրեր, շնորհակալագրեր, նամակներ պատրաստելիս, իսկ պարարտախառնուրդն օգտագործվում է Հիշողության պուրակում հողի մշակման համար:
Ծաղկահավաքին մասնակցում են նաեւ ՎիվաՍել-ՄՏՍ-ի աշխատակիցները:
«Ծիծեռնակաբերդի մոտ դրված ծաղիկները վերամշակման ենթարկելու գաղափարը յուրահատուկ է իր նորարարությամբ եւ միակն է իր տեսակի մեջ: Դա պատասխանատու վերաբերմունքի դրսեւորում է շրջակա միջավայրի նկատմամբ, քանի որ ծաղիկները նոր կյանք են ստանում: Սա նաեւ հարգալից վերաբերմունքի դրսեւորում է ծաղիկները բերող մարդկանց հանդեպ: Բացի այդ, նախաձեռնությունը խորհրդանշական իմաստ է կրում, քանի որ ծաղկաթերթիկներից պատրաստվող թուղթը Ցեղասպանության թանգարանի կողմից օգտագործվում է շնորհակալական բացիկների եւ պատվոգրերի համար: Ուստի, ՎիվաՍել-ՄՏՍ-ն աջակցություն է ցուցաբերում Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամին՝ նախաձեռնության իրականացման հարցում: Ինձ համար նաեւ ուրախալի է այստեղ տեսնել ՎիվաՍել-ՄՏՍ-ի բազմաթիվ աշխատակիցների, որոնք որպես կամավորներ մասնակցում են միջոցառմանը»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: