16:41 | 20.04.15 | Հոդվածներ | exclusive 3860
Տարեսկզբին «Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստան» (ՄԻԿ) հիմնադրամը կազմակերպել էր «ՄԻԿ աքսելերացիա» ծրագիրը, որին մասնակցում էր տեղական 7 ստարտափ:
2015թ. ապրիլին կկայանա «ՄԻԿ Աքսելերացիա» ծրագրի «Դեմո օրը» (Demo Day), որի ընթացքում թիմերը կներկայացնեն վերջին ամիսների իրենց աշխատանքի արդյունքները հայ եւ արտասահմանցի ներդրողներին ու ձեռներեցներին:
«Դեմո օրվա»-ն ընդառաջ ՄԻԿ Հայաստանը եւ Itel.am-ը հաջորդաբար ներկայացնում են 7 ստարտափների զարգացման պատմությունը:
Home Planning. կայքը այցելուներին հնարավորություն է տալիս առանց դիզայներների օգնության՝ 3D տարբերակով օնլայն պլանավորել տան ներքին հարդարանքը:
Դա կարելի է անել՝ օգտագործելով տվյալ տարածքի խանութներում առկա տեսականին։
Կայքի հիմնադիրներից Միհրան Բաբայանը Itel.am-ին պատմել է, թե ինչպես է որոշել վերանորոգել բնակարանը, փնտրել եւ չի գտել որեւէ վեբկայք կամ հավելված, որը կօգներ նախապես հասկանալ, թե, օրինակ, ինչպիսի տեսք կունենա պատը, առաստաղը կամ հատակը որեւէ գույնով ներկելու դեպքում:
Նա իր գաղափարի մասին պատմել է Վահագն Հովհաննիսյանին, եւ որոշել են համատեղ ՏՏ գործիք մշակել, որը մարդկանց կօգնի վերանորոգել բնակարանը։ Հետագայում թիմին միացել է Արսեն Մխիթարյանը:
««ՄԻԿ Աքսելերացիա» ծրագիրը մեզ համար լավ սկիզբ էր։ Մինչ այդ, անընդհատ քննարկում էինք, թե ինչպիսին պետք է լիներ հարթակը, սակայն ոչ մի կերպ չէինք կարողանում սկսել: Ծրագիրը մեզ տեմպ հաղորդեց, իսկ մենթորների խորհուրդներն օգնեցին, որ սկսենք մտածել որպես ստարտափ»,- նշել է Արսեն Մխիթարյանը։
«Նախկինում մի բան մշակելուց առաջ անընդհատ անհանգստանում էի, որ հնարավոր է ստեղծվելիք պրոդուկտը հաճախորդներին դուր չգա։ Ծրագրի արդյունքում հասկացա, որ հաջողված ստարտափը չպետք է վախենա ձախողումներից, քանի որ հենց փոքր ձախողումների արդյունքում է ծրագիրը հաջողում»,- ասել է Վահագն Հովհաննիսյանը։
«Ներկայում որպես թիրախ ընտրել ենք հայկական շուկան եւ փորձում ենք աշխատել Հայաստանի խանութների հետ։ Այն մարդը, որը վերանորոգում է իր բնակարանը, ուղղակի պետք է սկանավորի բնակարանի հատակագիծը եւ կայքում մուտքագրի տվյալները»,- ընդգծել է Միհրան Բաբայանը։
Home Planning հարթակի մասին ավելի մանրամասն կարող եք կարդալ Itel.am-ի անդրադարձում: