09:00 | 18.04.15 | Հոդվածներ | exclusive 4741

Demo Day-ին ընդառաջ. Sphere` «կողմնացույց» անծանոթ միջավայրում

Տարեսկզբին «Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստան» (ՄԻԿ) հիմնադրամը կազմակերպել էր «ՄԻԿ աքսելերացիա» ծրագիրը, որին մասնակցում էր տեղական 7 ստարտափ:

2015թ. ապրիլին կկայանա «ՄԻԿ Աքսելերացիա» ծրագրի «Դեմո օրը» (Demo Day), որի ընթացքում թիմերը կներկայացնեն վերջին ամիսների իրենց աշխատանքի արդյունքները հայ եւ արտասահմանցի ներդրողներին ու ձեռներեցներին:

«Դեմո օրվա»-ն ընդառաջ ՄԻԿ Հայաստանը եւ Itel.am-ը հաջորդաբար ներկայացնում են 7 ստարտափների զարգացման պատմությունը:

Sphere. Մոբայլ հավելվածը հնարավորություն է տալիս անծանոթ միջավայրում կողմնորոշվել՝ մոտակայքում գտնվող մարդկանց օգնությամբ:

Այն հասանելի է Android սարքերի համար: Մոտ մեկ ամսից պատրաստ կլինի iOS տարբերակը:

Հավելվածը ստեղծել են Մինաս Քեշիշյանը եւ Դավիթ Խաչատրյանը:

Վերջինս 2012թ. Իսրայելից  հայրենիք էր վերադարձել: Տեսնելով այստեղ ստարտափներին ցուցաբերվող աջակցությունը, որոշում է մնալ եւ շարունակել գործունեությունը հայրենիքում:  

«Ցանկանում էի ստեղծել սոցիալական ցանց, որը ոչ թե մարդկանց կբաժաներ խմբերի, ինչպես օրինակ՝ ընկերներ, ընկերների ընկերներ, այլ ուղղակի կմիավորեր նրանց մի հարթակում, որի միջոցով նրանք կկարողանային լուծել իրենց խնդիրները կամ ստանալ իրենց հարցերի պատասխանը»,- Itel.am-ին պատմում է Դավիթ Խաչատրյանը: 

Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնում նա ծանոթանում է Մինաս Քեշիշյանի հետ, եւ որոշում են գաղափարը միասին իրագործել: Այդ նպատակով դիմում են «ՄԻԿ Աքսելերացիա» ծրագրին։

Հավելվածն այս պահին ունի շուրջ 500 ակտիվ օգտատեր:

Sphere-ի հիմնադիրները ծրագրի ընթացքում կարողացել են կապեր հաստատել տարբեր երկրների ստարտափների, հայտնի մասնագետների հետ, կարծիքներ լսել իրենց հավելվածի մասին։

«Այս պահին թիմ ստեղծելու նպատակով փորձում ենք ֆինանսավորում գտնել: Օրեցօր հավելվածի վրա աշխատանքի ծավալներն ավելանում են, եւ արդեն դժվար է երկուսով այն կառավարելը: Թիմը, որը նախատեսում ենք ստեղծել, կապահովի հավելվածի կանոնավոր զարգացումը»,- նշում է Դավիթ Խաչատրյանը:

Նշենք, որ հավելվածի նախնական անվանումը Ask On’Fly էր: Itel.am-ի անդրադարձը՝ այստեղ: