10:34 | 15.04.15 | Նորություններ | 6443
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (ԱՄՆ ՄԶԳ), ՎիվաՍել-ՄՏՍ-ն ու Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) ապրիլի 14-ին նշել են Արմավիրի մարզի Արազափ գյուղի ջրամատակարարման համակարգի բարելավման ծրագրի ավարտը:
Մասնավորապես, 18,2 կմ երկարությամբ խողովակաշարը փոխարինվել է ավելի հուսալի պոլիէթիլենային խողովակաշարով, նոր պոմպ է տեղադրվել, ինչպես նաեւ ջրամատակարարման ծառայությունների կառավարման նպատակով համակարգչային ծրագիր է ներդրվել:
Ակնկալվում է, որ ծրագրի արդյունքում կբարձրանա ջրամատակարարման համակարգի արդյունավետությունը, կնվազեն հոսակորուստները եւ աղտոտման ռիսկերը, կգրանցվեն ջրի եւ էներգիայի էական խնայողություններ:
Արազափի բնակիչներն այժմ ունեն շուրջօրյա ջրամատակարարում` նախկինում ունեցած օրական երեք ժամի փոխարեն: Նախնական հաշվարկների համաձայն՝ համայնքում կապահովվի տարեկան մոտ 72,000 խմ ջրի եւ 30 Մվտ/ժ հոսանքի խնայողություն:
«Մեր հայրենիքի սահմանների ամրությունը եւ սահմանը հսկող զինվորներին թիկունք ապահովողները սահմանամերձ բնակավայրերի բնակիչներն են: Տարրական հարմարությունների բացակայությունը ստիպում է մարդկանց հեռանալ հայրենի հողից: Մեր պարտքն է նրանց կողքին լինել, աջակցել ե՛ւ հոգեբանորեն, ե՛ւ կյանքի պայմանները բարելավելու առումով: Այս համատեքստում ավելորդ է նշել մաքուր ջրի կենսական նշանակությունը: Այս գիտակցումով է առաջնորդվում ՎիվաՍել-ՄՏՍ-ը՝ իրականացնելով ջրամատակարարման նախագիծը»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
2014թ. ԱՄՆ ՄԶԳ-ի, ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ FPWC-ի համագործակցության արդյունքում Արմավիրի մարզի Արազափ եւ Լուկաշին, ինչպես նաեւ Տավուշի մարզի Արծվաբերդ եւ Բերքաբեր գյուղերում իրականացվել են ջրամատակարարման համակարգի բարելավման ծրագրեր: Շահառուների թիվը 7000 մարդ է: Չորս ծրագրերի իրականացման համար ՎիվաՍել-ՄՏՍ-ը հատկացրել է
70 մլն, իսկ ԱՄՆ ՄԶԳ-ն՝ 60 մլն դրամ: