15:25 | 08.04.15 | Հոդվածներ | exclusive 4805

Playeroid. Ընտրի՛ր, թե ինչ երգ կհնչի սրճարանում

Հայկական Playeroid անվճար հավելվածը հնարավորություն է տալիս «կառավարել» երաժշտությունը եւ երգեր պատվիրել ձեր սիրելի ժամանցի վայրերում՝ սմարթֆոնի միջոցով:

Հավելվածը հասանելի է App Store եւ Google Play հարթակներում:

Playeroid-ը մշակվել է Eagma Tech-ում, որի հիմնադիրներն են Տարոն Սարգսյանը, Կարեն Մելքումյանը եւ Դավիթ Ալանակյանը:

Հավելված ստեղծելու գաղափարը ծագել է այն ժամանակ, երբ Տարոն Սարգսյանը, լինելով երեւանյան սրճարաններից մեկում, չի հավանել հնչող երաժշտությունը եւ չի կարողացել փոխել այն: Արդյունքում՝ ընկերներով  որոշել են հավելվածի միջոցով լուծել խնդիրը: 

«Պատկերացրեք՝ նստած եք ժամանցի որեւէ վայրում, բացում եք հավելվածը, առկա երգացանկից որեւէ երգ ընտրում եւ սեղմում պատվիրելու կոճակը: Եթե այդ պահին հերթ չկա, եւ նույն վայրում գտնվող այլ մարդիկ երգեր չեն պատվիրել, ապա ընթացիկ երգը վերջանալուց հետո կհնչի ձեր պատվիրած երգը: Կարող եք միաժամանակ տարածել երգը սոցցանցերում եւ check in լինել»,- Itel.am-ի հետ զրույցում պատմում է Դավիթ Ալանակյանը՝ ընդգծելով, որ այդպիսով Playeroid-ը դառնում է սոցիալական ցանց՝ համախմբելով երաժշտությամբ հետաքրքրվող մարդկանց:



24 ժամվա ընթացքում կարելի է անվճար 3 երգ պատվիրել, որից հետո յուրաքանչյուր երգի համար կգանձվի 200 դրամ: Տվյալ գումարի մի մասը կհատկացվի ժամանցի վայրին:

Դավիթ Ալանակյանի խոսքով՝ յուրաքանչյուր ժամանցի վայր կարող է կազմել սեփական փլեյլիսթը, որում ընդգրկված երգերը հասանելի կլինեն այդ պահին պատվիրման համար:

«Մի կողմից, դա օգտատերերին ինչ-որ չափով զրկում է մեծ փլեյլիսթերից, բայց մյուս կողմից՝ ժամանցի վայրերը եւս գոհ են լինում եւ չեն մտահոգվում, որ կարող են ոչ համապատասխան երաժտություն հնչեցնել»,- ընդգծում է նա:

Ներկայում Playeroid հավելվածի միջոցով կարելի է երգեր պատվիրել Երեւանի շուրջ 30 ժամանցի վայրերում: Բացի հիմնական գործառույթներից՝ հնարավոր է տեսնել, թե այդ պահին ինչ երգ է հնչում, ինչպես նաեւ գնահատել երգերը:

«Իհարկե, աշխարհում վաղուց կան երաժշտական ավտոմատներ (Jukebox), որոնց միջոցով կարելի է երգ պատվիրել, սակայն մոբայլ տարբերակով դա անելը շատ ավելի հեշտ է եւ արագ»,- նշում է Դավիթ Ալանակյանը:

Նշենք, որ նախատեսվում է Plaeroid-ի նոր կայքի գործարկումը, որի մասին Itel.am-ը կպատմի առաջիկայում:

Նարինե Դանեղյան