15:16 | 02.04.15 | Նորություններ | 932

Առաջարկվում է հեռուստաեթերի թվայնացումը երկարաձգել 2 տարով

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանն այսօր ասել է, որ Հայաստանում հեռուստատեսության անալոգային հեռարձակումից թվայինի անցման ժամկետը հնարավոր է հետաձգվի 2 տարով՝ մինչեւ 2017թ.:

Կառավարության այսօրվա նիստում նախարարն ասել է, որ գործադիրի համար ընդունելի է «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով էլ նախատեսվում է ժամկետի երկարաձգումը:

Օրենքով սահմանված ժամկետների համաձայն՝ թվայնացման աշխատանքներն ամբողջությամբ պետք է ավարտվեին մինչեւ 2015թ. հուլիսը:

«Թվայնացմամբ կազատականացվեն որոշակի քանակությամբ հաճախականային տիրույթներ, որոնց հատկացման հետեւանքով ՀՀ պետբյուջե կապահովվեն զգալի ֆինանսական մուտքեր: Նշված ժամկետում անալոգային ցանցի գործունեության ապահովման համար ծախսերը գրեթե կկրկնապատկվեն՝ հաշվի առնելով անալոգային ցանցի պահպանման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները»,- ասել է Գագիկ Բեգլարյանը:

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, իր հերթին, չի բացառել, որ գործադիրը եւս երկու տարով ժամկետի երկարացում առաջարկի: