12:24 | 01.04.15 | Հոդվածներ | exclusive 4684

Wandelion. օնլայն տուրիզմի հայկական հարթակը

Wandelion կայքը հնարավորություն է տալիս պլանավորել ձեր ճանապարհորդությունը Հայաստանում եւ Վրաստանում՝ սկսած առաջին քայլից:

Կայքը պաշտոնապես կգործարկվի մայիսի 1-ից: Մինչ այդ Itel.am-ն անդրադարձել է նորաստեղծ հարթակին, որը մտադիր է օնլայն տարբերակով զարգացնել զբոսաշրջությունը Հայաստանում:

Wandelion-ի համահիմնադիրներն են Արեգ Գեդեոնյանը, Վահե Ասատրյանը եւ Զորիկ Ծատուրյանը:

Հարթակի ստեղծման գաղափարը ծագել է 2012թ.: Wandelion անվանումն առաջացել է անգլերեն Dandelion (խատուտիկ) բառից: Ըստ կայքի հեղինակների՝ քամու շնորհիվ այս ծաղկի մասնիկների տարածումը տարբեր ուղղություններով խորհրդանշում է ճանապարհ:
 
Itel.am-ի հետ զրույցում Զորիկ Ծատուրյանը պատմում է, որ Wandelion-ը ստեղծված է այն մարդկանց համար, ովքեր կարծում են, որ ճանապարհորդությունը սկսվում է ոչ թե նախանշված տեղ հասնելուն պես, այլ դրանից շատ առաջ՝ դեռ ծրագրավորման փուլում:
 
«Wandelion-ը ճանապարհորդական փաթեթներ է տրամադրում անհատներին՝ առաջարկելով յուրահատուկ վայրեր՝ ըստ պատվիրատուի նախասիրությունների:  Փաթեթներում ներառվելու են թիրախային վայրեր՝ այցելություն, կեցություն, սնունդ, ժամանց, ինչպես նաեւ գիդերի տրամադրում: Այս ամենը կատարվում է առցանց մի քանի րոպեում, եւ անմիջապես ներկայացվում է գնային առաջարկ»,- պատմում է նա:



Զորիկ Ծատուրյանի խոսքով՝ միջազգային նմանատիպ հարթակներից իրենք տարբերվում են մի շարք հատկանիշներով:
 
«Փաթեթները նախատեսված են ոչ միայն անհատ ճանապարհորդների, այլեւ նրանց համար, ովքեր սիրում են ձեւավորել խմբեր: Այդ ճանապարհորդներին կայքում տրվում է տուր առաջնորդի (tour leaders) կարգավիճակ: Վերջիններս խմբերով ճանապարհորդելու դեպքում ստանում են մի շարք առավելություններ, այդ թվում՝ զեղչեր»,- նշում է կայքի համահիմնադիրը:

Կայքը նաեւ հարթակ է տուրիստական շուկայի մյուս խաղացողների համար: Այստեղ ուղիղ կապի մեջ են մտնում տուրօպերատորներն ու տուրիստական գործակալությունները, որտեղ վերջիններս կարող են մեծածախ գներով առցանց ձեռք բերել տուրփաթեթներ:

«Բացի այդ, համագործակցելու ենք ճանապարհորդ բլոգերների (travel bloggers) հետ: Կայքում ստեղծել ենք գործիք, որը հնարավորություն կտա նրանց գումար վաստակել իրենց խորհուրդների շնորհիվ: Գրելով իրենց այցելած վայրերի մասին՝ նրանք կկարողանան հղման միջոցով խորհուրդ տալ իրենց ընթերցողներին ձեռք բերել փաթեթներ Wandelion-ից: Արդյունքում նրանք կստանան տոկոսներ վաճառքներից՝ առանց ավելորդ ջանքեր եւ ժամանակ վատնելու»,- ընդգծում է Զորիկ Ծատուրյանը: 

Նա նշում է, որ արդեն մոտ ապագայում պատվիրատուն կկարողանա ժամանակացույցերը հարմարացնել իրեն, կազմել սեփական երթուղին եւ այլն:

«Որոշ տուրերի դեպքում, սակայն, այս հնարավորությունը սեզոնայնության պատճառով սահմանափակ կլինի, ինչպես օրինակ, Արարատ լեռ բարձրանալու դեպքում է»,- պարզաբանում է Wandelion-ի համահիմնադիրը:

Նրա խոսքով՝ ներկայում իրենք փորձում են թիրախավորել հատկապես արկածային տուրիզմը, քանի որ Հայաստանում կան բազմաթիվ վայրեր, որտեղ կարելի է զարգացնել այդ ուղղությունը:

Կայքի հիմնադիրներն աշխատում են նաեւ բլոգի զարգացման ուղղությամբ՝ այն փորձելով դարձնել ճանապարհորդների համար տարածաշրջանի լավագույն ուղեցույցը: Նախնական փուլում նախատեսում են աշխատել հայկական եւ վրացական շուկայում, իսկ ավելի ուշ գործունեություն ծավալել նաեւ այլ երկրներում՝ դառնալով հարթակ, որտեղ միմյանց կհանդիպեն տուրիստական շուկայի շահառուները՝ ճանապարհորդները, տուր փորձագետները, ճանապարհորդական գործակալություններն ու օպերատորները:

Նշենք, որ Wandelion-ը հաղթող է ճանաչվել մարտի 23-24-ը կայացած Նորարարության զարգացման համաֆինանսավորվող մրցույթում:  

Նարինե Դանեղյան