14:55 | 27.03.15 | Հոդվածներ | exclusive 12463

Home Planning. Ինքդ քեզ դիզայներ

Գործարկվել է հայ մասնագետների նախագծած Home Planning կայքը, որն այցելուներին հնարավորություն է ընձեռում 3D տարբերակով օնլայն պլանավորել տան ներքին հարդարանքը՝ առանց դիզայներների օգնության:

Օգտագործելով երեւակայությունը՝ հարթակում կարելի է գծագրել ձեր երազանքների սենյակը կամ տունը: Կարելի է փորձարկել բազմաթիվ տարբերակներ՝ կահույք տեղադրել, փոխել պատերի, առաստաղի ու հատակի գույնը եւ տեսնել վերջնական արդյունքը:

Կայքը շուկայում առկա համանման հարթակներից տարբերվում է երկու հիմնական հատկանիշով: Առաջին, տան դիզայնը կարելի է անել շուկայում առկա ապրանքատեսակներով, որոնք ներկայացված են կայքում: Երկրորդ՝ զամբյուղում ավելացնելով ապրանքները՝ կարելի է տեսնել, թե ինչ կարժենա ձեր նախընտրած ապրանքատեսակներով դիզայնը:
 
Home Planning-ի հիմնադիրներն են Վահագն Հովհաննիսյանը, Միհրան Բաբայանը եւ Արսեն Մխիթարյանը:

Itel.am-ի հետ զրույցում նրանք պատմում են, որ հարթակի ստեղծման գաղափարն առաջացել է անցած տարի՝ տան վերանորոգման ընթացքում:

Կայքի հեղինակները նշում են, որ այս հարցում մեծ թվով մարդիկ ամբողջ աշխարհում կարիք ունեն պրոֆեսիոնալ աջակցության: Այդ մարդկանց նաեւ խորհրդատվություն է անհրաժեշտ շուկայում առկա պրոդուկտների ընտրության հարցում:

«Home Planning-ը կտրամադրի անհրաժեշտ տեղեկատվություն, խորհրդատվություն, միաժամանակ՝ կաջակցի արտադրողներին, որոնց պրոդուկտներն օգտագործվում են տունը վերանորոգելիս»,- նշում է Վահագն Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ կայքը, իր հիմնական գործառույթից բացի, կարող է «կրթական եւ զարգացման հիանալի հարթակ դառնալ դիզայներների եւ ճարտարապետների համար»:

«Նախագծի միջոցով ցանկանում ենք մարդկանց ցույց տալ, որ տան վերանորոգման եւ դիզայնի գործընթացն իրականում զվարճալի է, ոչ շատ ծախսատար եւ նաեւ կրթական տարրեր է պարունակում»,- պատմում է նա:

Միհրան Բաբայանն էլ նշում է, որ այս պահին իրենց թիրախը Հայաստանն է:

«Բանակցում ենք շինարարության եւ դիզայնի ոլորտում գործող մի շարք ընկերությունների հետ: Հաջող արդյունքի դեպքում պատրաստվում ենք այդ խանութները ներկայացնել հարթակում՝ օգնելով կայքից օգտվողներին կողմնորոշվել»,- նշում է նա:

Ընկերությունն արդեն համագործակցում է չինական CNBM ընկերության հետ, որը զբաղվում է շինարարական նյութերի արտադրությամբ եւ շենքերի կառուցմամբ:

Նորաստեղծ հարթակը «Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստան» (ՄԻԿ) հիմնադրամի «ՄԻԿ աքսելերացիա» ծրագրի մասնակից 8 թիմերից մեկն է:

Ի դեպ, Home Planning-ը հրավիրված է՝ մասնակցելու ապրիլի 14-16-ը Լեհաստանում կայանալիք ստարտափների եվրոպական Wolves Summit գագաթնաժողովին: Ներկայում կայքի հիմնադիրները փնտրում են ֆինանսավորում՝ ֆորումին մասնակցելու համար:

Նարինե Դանեղյան