10:40 | 26.03.15 | Նորություններ | 4909

Րաֆֆի Գրիգորյանն աշխատանքի է անցել Uber-ում

Թվիթերի նախկին փոխնախագահ Րաֆֆի Գրիգորյանն աշխատանքի է անցել ամերիկյան Uber ընկերությունում:

Րաֆֆի Գրիգորյանը Uber-ի Առաջատար տեխնոլոգիաների կենտրոնում կզբաղեցնի ընկերության ինժեներական գծով ղեկավարի պաշտոնը (Engineering Lead): Կենտրոնը Uber-ի եւ «Քարնեգի Մելլոն» համալսարանի համատեղ ընկերությունն է, որն աշխատում է ռոբատաշինության ոլորտում նորարարությունների եւ երկարաժամկետ այլ տեխնոլոգիաների մշակմամբ (օրինակ, ինքնավար կառավարմամբ ավտոմեքենաների):

2009թ. հիմնադրված Uber-ը մոբայլ հավելվածների օգնությամբ իրականացվող փոխադրման ծառայությունների համաշխարհային առաջատարներից է: 2014թ. դեկտեմբերի տվյալներով՝ $40 մլրդ արժողությամբ ընկերության ծառայությունները հասանելի են 53 երկրների ավելի քան 200 քաղաքներում: 

Նոր աշխատանքի մասին լուրը երեկ երեկոյան Թվիթերի իր էջում հաստատել է նաեւ Րաֆֆի Գրիգորյանը:

«Ուրախ եմ նշել, որ միացել եմ Uber-ի Առաջատար տեխնոլոգիաների կենտրոնին»,- գրել է նա:



Րաֆֆի Գրիգորյանը Թվիթերից հեռացել էր 2014թ.: Նա ղեկավարել է Թվիթերի ծառայությունների ինտեգրումը Apple-ի iOS բջջային համակարգին եւ օգնել է ստեղծել Թվիթերի Աշխարհագրական տեղադրության (Geolocation) ծրագիրը: Նա Թվիթերում ղեկավարել է ավելի քան հինգ տարբեր խմբեր եւ պատասխանատու է եղել սոցիալական ցանցի ծրագրային ապահովման ենթակառույցի համար:

Նախքան Թվիթերին միանալը, Րաֆֆի Գրիգորյանը համահիմնադրել է WattzOn.com-ը, որը Business Week ամսագիրն անվանել էր 2008թ. լավագույն գաղափար: Նա եղել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի «Մեդիա մասնիկներ ու ատոմներ» խմբի անդամ, ինչպես նաեւ դասավանդել է Նյու Յորքի համալսարանի Ինտերակտիվ հեռահաղորդակցության բաժնում:

2013թ. նա դարձել էր «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի խորհրդի անդամ: