16:38 | 25.03.15 | Նորություններ | 1670

Առաջարկ՝ բոլոր դպրոցներում բացել ինժեներական լաբորատորիաներ

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունն (ԻՏՁՄ) առաջարկում է, որ մինչեւ 2018թ. Հայաստանի բոլոր դպրոցներում գործեն ինժեներական լաբորատորիաներ, որտեղ ստացած գիտելիքները երիտասարդին թույլ կտան դպրոցն ավարտելուն պես միջին աշխատավարձով աշխատանք ունենալ:

Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը: Նա տեղեկացրել է, որ իրենք կազմել են համապատասխան ծրագիր եւ ներկայացրել կառավարությանը:

«Այս պահին պատասխանի ենք սպասում, ինչին կհաջորդի ամբողջ Հայաստանում համապատասխան ենթակառուցվածքների ստեղծումը: Պետությունից ակնկալում ենք $10 մլն ներդրում՝ փուլային տարբերակով: Սկզբում ներդրումը մեծ կլինի, իսկ գումարի վերադարձը՝ քիչ, սակայն աստիճանաբար տեղի կունենա հակառակը»,- նշել է նա:

Կարեն Վարդանյանի խոսքով՝ այսօր ռոբոտաշինության լաբորատորիաներ են գործում 54, իսկ ինժեներական լաբորտատորիաներ՝ 15 դպրոցներում:

«Բացի այն, ինչ անում ենք ներկայում, ցանկանում ենք, որ երեխաները տիրապետեն եւս երկու լրացուցիչ գործիքի: Դրանցից առաջինը «Ատելյե լաբ»-ն է, որը հնավորություն է տալիս հին համակարգիչները քանդելով ստանալ նոր եւ պիտանի իրեր: Երկրորդ գործիքը LiveCode-ն է, որի միջոցով կարելի է մոբայլ հավելվածներ պատրաստել Android եւ iOS հարթակների համար: Մեր նպատակն է, որ 12-13 տարեկանից սկսած երեխաները՝ հատկապես շրջաններում, գումար աշխատելու հնարավորություն ստանան եւ ֆինանսապես օգնեն իրենց ծնողներին»,- ասել է նա:
Ծրագիրը, Կարեն Վարդանյանի խոսքով, ինժեներական լաբորատորիաներով ապահովումից բացի եւս երկու մաս է ունենալու:

«Դրանցից մեկը «Մեկ ընկերություն, մեկ դպրոց» նախագիծն է, որի շրջանակում առաջարկելու ենք տեխնոլոգիական ընկերություններից յուրաքանչյուրին մեկ դպրոց վերցնել իր հովանու ներքո: Արդեն մոտ 40 ընկերության հետ նախնական պայմանավորվածություն ունենք. շատերը նույնիսկ մեկ դպրոցից ավելին են ցանկանում վերցնել»,- նշել է նա:

Ծրագրի երրորդ մասի նպատակն է ինժեներական լաբորատորիաների զարգացման միջոցով Հայաստանի մարզերում զարգացնել տեխնոլոգիական բիզնեսը:  

«Այսօր համացանցի շնորհիվ աշխարհագրական դիրքը դարձել է ոչ այնքան էական: Ուստի ցանկանում ենք, որ երեխան, ավարտելով դպրոցը, իր բնակավայրում ստեղծի ընկերություն ու միջազգային պատվերներ կատարի»,- եզրափակել է Կարեն Վարդանյանը: