15:25 | 25.03.15 | Նորություններ | 4020

Ամփոփվել է Բրիտանական ֆիլմերի 13-րդ փառատոնը

Beeline-ը, Բրիտանական խորհուրդը եւ Երեւանում Բրիտանական դեսպանատունն ամփոփել են Բրիտանական ֆիլմերի 13-րդ փառատոնը` ներկայացնելով փառատոնի արդյունքներն ու հայտարարված երեք մրցույթների հաղթողներին:

Փառատոնի շրջանակում Beeline–ի հետ համատեղ հայտարարվել էր փառատոնային ֆիլմերի այլընտրանքային պաստառների, «Սիրո լավագույն հաղորդագրություն» եւ «Սիրո ուժը» լուսանկարների մրցույթները:

Փառատոնային ֆիլմերի այլընտրանքային պաստառների մրցույթին ներկայացվել էր  23 աշխատանք: Երեք հաղթող աշխատանքներն ընտրել էր  բրիտանական կինոյի փորձագետ Քրիստին Բարդսլին (ՄԹ): Հաղթող են ճանաչվել Հրաչյա Հակոբյանի («Նմանակման խաղ»), Սրբուհի Աչոյանի («Անտեսանելի կինը») եւ Զինա Գրիգորյանի («Վիրունգա») աշխատանքները:

«Սիրո լավագույն հաղորդագրություն» մրցույթը հայտարարվել էր Beeline-ի կողմից: Ներկայացվել էր 126 հաղորդագրություն: Քվեարկության արդյունքում հաղթող են ճանաչվել առավելագույն քվե հավաքած մասնակիցներ Հայկ Մարգարյանը, Սամվել Վարդանյանը, Աննա Անդրեասյանը եւ Լուսինե Մեհրաբյանը, որոնք Beeline-ի կողմից պարգեւատրվել են Beeline Smart հեռախոսներով, իսկ Բրիտանական խոհուրդը Սուսաննա Հարությունյանին, Անի Ամիրխանյանին եւ Լեւոն Եսայանին տրամադրել է խրախուսական մրցանակներ: 

«Սիրո ուժը» լուսանկարների մրցույթին ներկայացվել էր 106 հեղինակային լուսանկար: Հաշվի առնելով գաղափարի յուրահատկությունը եւ լուսանկարի մասնագիտական կատարումը` մրցույթում հաղթող է ճանաչվել երեք մասնակից`Մերի Բայաթյանը, Քրիստինա Դանիելյանը եւ Ռաֆայել Մելիք-Իսրայելյանը: Հաղթողներին ընտրել է լուսանկարիչ Կարեն Միրզոյանը: Իսկ Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրենի մրցանակին է արժանացել Տաթեւիկ Զադոյանը, որը պարգեւատրվել է Beeline Smart հեռախոսով։
 
«Նախ եւ առաջ թույլ տվեք շնորհակալություն հայտնել փառատոնի կազմակերպիչներին՝ Բրիտանական խորհրդին եւ Երեւանում Բրիտանական դեսպանատանը, որոնց հետ մենք արդեն համագործակցում ենք բավականին երկար ժամանակ՝ դարձնելով մարդկանց կյանքն էլ ավելի լավը։ Beeline-ի անունից շնորհավորում եմ մրցույթների հաղթողներին, ովքեր իրենց աշխատանքներով մեկ անգամ եւս ապացուցեցին, որ ունենք բանիմաց եւ շնորհալի երիտասարդներ, եւ որ համատեղ ջանքերի եւ մեր աջակցության շնորհիվ մենք կկարողանանք օգնել նրանց հասնել նորանոր բարձունքների»,- ասել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Բրիտանական ֆիլմերի 13-րդ փառատոնը Երեւանում մեկնարկել էր փետրվարի 14-ին, իսկ մարզերում՝ մարտի 5-ին, որի ընթացքում ներկայացվել է 7 գեղարվեստական եւ 1 վավերագրական ֆիլմ: Ավելի քան 8000 հանդիսատես հնարավորություն է ունեցել մասնակցելու ցուցադրություններին: