13:06 | 23.03.15 | Նորություններ | 910

Facebook-ն Android-ի համար նոր հավելված է փորձարկում

Facebook-ը Android-ի համար փորձարկում է «Հեռախոս» (Phone) անվամբ նոր հավելվածը, որն ունի անցանկալի զանգերը արգելափակելու գործառույթ:

Android Police կայքը հաղորդում է, որ նոր ծրագիրը «ցույց է տալիս զանգահարողի մասին տեղեկատվություն եւ ավտոմատ կերպով արգելափակում է սեւ ցուցակում ներառված զանգերը»:

Հավելվածը դեռ փորձարկման փուլում է եւ հասանելի է միայն Facebook-ի աշխատակիցներին: Թե երբ կհայտնվի այն Google Play-ում, դեռ հայտնի չէ:

VentureBeat հրատարակության հետ զրույցում Facebook-ի ներկայացուցիչները հաստատել են հավելվածի ստեղծման լուրը, սակայն հրաժարվել են մանրամասներ հաղորդել:

«Մենք մշտապես ինչ-որ բան փորձարկում ենք, եւ այս պահին դեռ ներկայացնելու որեւէ բան չունենք»,- նշել են ընկերության մամուլի ծառայությունում:

Android հարթակում ներգրավման Facebook-ի նախորդ փորձը՝ 2013թ. թողարված Facebook Home-ը, անհաջող է ավարտվել: Facebook Phone-ը, ըստ էության, սոցցանցի՝ Android սմարթֆոններում ինտեգրման նոր փորձ է: