13:10 | 04.03.15 | Նորություններ | 3509
Beeline-ը, Բրիտանական խորհուրդը եւ Երեւանում Բրիտանական դեսպանատունը հայտարարում են մարզերում Բրիտանական ֆիլմերի 13-րդ փառատոնի մեկնարկի մասին։
Փառատոնն այս տարի նվիրված է սիրո տարածման ու պահպանման գաղափարին:
Մարտին փառատոնային ֆիլմերը կցուցադրվեն Տավուշի, Արարատի եւ Արմավիրի մարզերի տարբեր քաղաքներում: Մարզային ցուցադրությունները կմեկնարկեն մարտի 5-ին Դիլիջանի միջազգային դպրոցում՝ «Բելը» ֆիլմով: Հաջորդ օրերին կցուցադրվեն «Վիրունգա» եւ «Սերն ամենն է» ֆիլմերը: Բոլոր ֆիլմերը կցուցադրվեն հայերեն ենթագրերով։
«Մենք չափազանց կարեւորում ենք, որպեսզի մարզերի երիտասարդները նույնպես հնարավորություն ունենան ծանոթանալու բրիտանական ժամանակակից կինոարվեստի լավագույն ֆիլմերի հետ, որը էլ ավելի կընդլայնի տաղանդավոր հայ երիտասարդների մտահորիզոնը եւ կնպաստի հայրենական կինոարվեստի զարգացմանը, իսկ Beeline–ը կօգնի երիտասադներին փոխել իրենց կյանքը դեպի ավելի լավը»,- ասել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
«Յուրաքանչյուր տարի փառատոնային ֆիլմերը ցուցադրվում են նաեւ մարզերում: Ամեն տարի ընտրվում են տարբեր մարզեր, ինչը հնարավորություն է տալիս, որպեսզի փառատոնը հասանելի լինի ողջ հանրապետությունում: Այս անգամ եւս ֆիլմերը կցուցադրվեն տարբեր քաղաքներում` հասանելի դառնալով հնարավորինս մեծ թվով մարդկանց»,- ասել է Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արեւիկ Սարիբեկյանը:
Դիլիջանից հետո փառատոնային ֆիլմերը կցուցադրվեն Արարատի մարզի Արարատ, Արտաշատ, Վեդի քաղաքներում եւ Նոր Խարբերդ համայնքում մարտի 16-18-ը: Այնուհետեւ ֆիլմերը կցուցադրվեն Արմավիր քաղաքում մարտի 20-ից 22-ը: Ցուցադրությունների մուտքն ազատ է:
Բրիտանական ֆիլմերի 13-րդ փառատոնի ընթացքում Երեւանում ցուցադրվել են «Նմանակման խաղ», «Բելը», «Անտեսանելի կինը», «Հնարավորություններն անսահման են», «X+Y», «Վիրունգա», «Սերն ամենն է» եւ «Երեկոն կինոթատրոնում 1914-ին» ճանաչված բրիտանական ֆիլմերը։