17:18 | 20.02.15 | Նորություններ | 3494

Orange-ը կրթաթոշակ է տրամադրել Հայաստանի բուհերի 100 ուսանողի

Orange հիմնադրամն այսօր կրթաթոշակ է հանձնել Երեւանի, Գավառի, Գորիսի, Գյումրիի, Իջեւանի, Կապանի, Վանաձորի եւ Եղեգնաձորի համալսարանների բարձր առաջադիմություն ունեցող 100 ուսանողի:

Ուսանողները մասնակցել են նաեւ «Օրանժ Արմենիա» ընկերության Մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետի կողմից «Ինչպես ընտրել մասնագիտություն եւ հաջողությամբ անցնել աշխատանքային հարցազրույցը» թեմայով կազմակերպված սեմինարին:

«Մեզ համար արդեն բարի ավանդույթ է դարձել բարձրագույն կրթություն ստանալու հարցում ուսանողներին աջակցելը: Արդեն չորս տարի է, ինչ սոցիալական ծրագրերի շրջանակում կրթաթոշակներ ենք տրամադրում ուսանողներին՝ նպատակ ունենալով թեթեւացնել նրանց ընտանիքների ֆինանսական բեռը եւ նպաստել ինչպես Երեւանի, այնպես էլ մարզային համալսարաններում սովորող երիտասարդների  հետագա մասնագիտական զարգացմանը: Կարծում ենք նաեւ, որ մեր այսօրվա հանդիպում-սեմինարը կօգնի ուսանողներին ընտրել իրենց մասնագիտական ներուժն ապագայում լիարժեքորեն դրսեւորելու համար անհրաժեշտ ուղիները»,- ասել է Orange հիմնադրամի խորհրդի նախագահ Ֆրանսիս Ժելիբտերը: 

2011-ից ի վեր` «Օրանժ Արմենիայում» մասնագիտական պրակտիկա է անցել 200 ուսանող: Այս ընթացքում Orange հիմնադրամը կրթաթոշակ է տրամադրել ավելի քան 350 ուսանողի:

Կրթաթոշակառու ուսանողների ընտրությունը կատարվել է վերջիններիս դիմումների հիման վրա՝ հաշվի առնելով ուսանողի ուսումնական առաջադիմությունը եւ ընտանիքի ֆինանսական դրությունը: