17:38 | 04.02.15 | Նորություններ | 3843

Ալ Եսայան. «Լավ գաղափարը միշտ գտնում է ֆինանսավորում»

ԱՄՆ-ում գործող «Այքոնէփս» (IconApps) ընկերության համահիմնադիր եւ Integrien ընկերության հիմնադիր Ալ Եսայանը փետրվարի 3-ին «Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն»-ում տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի երիտասարդ մասնագետների համար դասախոսություն է կարդացել՝ նրանց հետ կիսելով ձեռնարկություններ վարելու իր 20-ամյա փորձը:

Ալ Եսայանը ճանաչված գործարար եւ ներդրող է: Նրա ջանքերով Հայաստանում ստեղծվել են ՏՏ ոլորտի մի շարք ընկերություններ եւ աշխատատեղեր, իսկ 2010թ. նրա հիմնադրած Integrien ընկերությունը ձեռք է բերվել ամպային տեխնոլոգիաների առաջատար Vmware միջազգային ընկերության կողմից: Վերջինս նախատեսում է առաջիկա 4 տարիներին $100 մլն-ի ներդրում կատարել Հայաստանում:

Ներկայացնում ենք հատվածներ Ալ Եսայանի դասախոսությունից:

Ստարտափը խմբակային սպորտաձեւ է

Ստարտափը խմբակային սպորտաձեւ է. այն ֆուտբոլ է, ոչ թե թենիս: Եթե ստեղծել եք պրոդուկտ, որը միայն ձեր թիմն է օգտագործում, պետք է հասկանաք, որ դրա հետ ինչ-որ բան այն չէ: Սկզբում փորձեք ինքներդ հասկանալ, եւ հետո միայն հասկացված լինել:

Հայաստանյան շուկա գոյություն չունի, կա միայն գլոբալ շուկա: Երբ մարդիկ ասում են, որ պատրաստվում են ինչ-որ ծրագիր ստեղծել հենց Հայաստանի համար, ես ասում եմ, որ դա լավ գաղափար է, բայց ինչո՞ւ չստեղծել նույնը ամբողջ աշխարհի համար:

Հնարավորությունները նման են ծովի ալիքների. դու դրանք կամ կբռնես, կամ բաց կթողնես: Բայց եթե նույնիսկ մեկ հնարավորություն բաց թողնես, հաջորդելու է մեկ ուրիշը: Դրանք անընդհատ գալիս են: Այսօր ձեզանից յուրաքանչյուրն ունի ինչ-որ նոր բան ստեղծելու հրաշալի հնարավորություն: Գուցե մտածում եք, որ ձեր գլխում ամեն ինչ կազմակերպել եք եւ գաղափարը մշակել, բայց եթե ռեալ քայլեր չանեք, դա ոչնչի չի հանգեցնի:

Ինչ էլ որ պատահի, պետք է ունենալ թիրախ եւ նպատակ: Շատերը կյանքի տարբեր փուլերում ձեզ խելագար կանվանեն եւ կհամոզեն չանել այն, ինչ դուք ցանկանում եք անել, պատճառաբանելով, օրինակ, ձեր փորձի պակասը, քիչ գումարը կամ այլ բաներ, իսկ երբ դուք ապացուցեք, որ իրականում դա կարող եք անել, «միջնամատ» ցույց կտաք նրանց:

Կյանքում ձախողումներ չեն լինում, լինում են դասեր

Հաջողության սահմանումները տարբեր են յուրաքանչյուրի պարագայում: Ինձ համար հաջողության մի քանի բաղադրիչ կա: Օրինակ, հոգատարությունը: Չես կարող ստեղծել մի բան, եթե այն քեզ համար իսկապես մեծ նշանակություն չունի: Հոգատարությունը գալիս է ներսից: Պետք է սիրես այն, ինչ անում ես:

Եթե սիրում ես մի բան, պետք է պարտավորված զգաս այն իրականացնելիս: Հիշե՛ք, կյանքում ձախողումներ չեն լինում, լինում են միայն դասեր: Նայում ես անցյալին, տեսնում քո սխալները, եւ ապագայում ավելի լավ որոշումներ կայացնում: Անհնար է հաջողության հասնել առանց ձախողման: Եթե ցանկանում ես ձախողվել, թող դա մեծ ձախողում լինի, որովհետեւ կապացուցի, որ ձախողման հեռանկարից, այնուամենայնիվ, չես վախեցել: Ավելին, այն կդառնա քո նոր հաջողության հիմնաքարը:

Ես շատ ավելին եմ սովորել իմ սխալներից, քան հաջողություններից

Հաճախ եմ կրկնում՝ ստարտափ հիմնադրել կարող են ոչ բոլորը: Բայց հաճելի է, երբ, այնուամենայնիվ, անում ես այդ քայլը, ապա հետ ես նայում ու տեսնում, թե այդ ընթացքում որքան բան ես սովորել: Այո, այդ գործընթացում յուրաքանչյուր պահի մտավախություն ես ունեցել, որ ինչ-որ բան, հնարավոր է, սխալ ընթանա: Այս ամենով հանդերձ կյանքը չէր կարող ավելի զվարճալի լինել: Ի դեպ, ես շատ ավելին եմ սովորել եմ իմ սխալներից, քան հաջողություններից: Նոր ընկերություն ստեղծելիս վախը պետք է բացառել: Այն միայն ձեզ հետ է մղելու նշանակետից եւ հոգեպես ընկճելու է:

Լավ գաղափարը միշտ գտնում է ֆինանսավորում

Այսօր ոչ ոք չի կարող ասել, որ իրեն հասանելի չեն կրթությունը կամ ռեսուրսները: Աշխարհն այլեւս բաց է, ոչ ոք մեկուսացված չէ:

Հայաստանում գործում է վենչուրային հիմնադրամ, որը լավ նախագծեր է փնտրում: Բայց նման ֆինանսավորում ստանալու պատրաստ ընդամենը 3-4 ընկերություն կա: Մի՛ ասեք, որ ունեք լավ գաղափար, բայց չունեք ֆինանսավորում: Լավ գաղափարը միշտ գտնում է ֆինանսավորում:

Պետք չէ 12 ժամ անցկացնել համակարգչի առաջ, եւ ինքներդ ձեզ համոզել, որ շատ եք աշխատում, մանավանդ որ այդ 12 ժամից 6-ը երեւի սոցցանցերում եք անցկացրել: 

Ստեղծագո՛րծ եղեք: Ուրիշների ստեղծածը կրկնօրինակելը հաճելի չէ: Արե՛ք մի բան, որը կարտահայտի ձեր թիմի ստեղծագործ ոգին: Հիանալի զգացում է, երբ ստեղծել ես մի բան եւ գիտես, որ էլ ոչ ոք դա չի արել:

Խնդիրների մասին ուրիշների հետ կիսվելը ուժեղության նշան է

Սկզբում ձեռնարկեք ամենակարեւոր գործերը: Սա ձեզ կօգնի կենտրոնացած եւ նպատակաուղղված դառնալ:

Մի՛շտ պատկերացրեք, թե ինչ է կատարվելու հետո: Ինքներդ ձեզ հա՛րց տվեք, որ եթե ունենաք այդ ստարտափը, եւ երկու տարի շարունակ այն զարգացնեք, ինչերի այն կարող է հասնել: Կառուցե՛ք ապագա, որը ձեզ ոգեւորելու է: Եվ երբ մտնեք այդ գործընթացի մեջ, այն կսկսի ձեզ իր հունով տանել:

Դուք Հայաստանի տեխնոլոգիական համայնքի ներկայացուցիչներն եք: Հաճա՛խ հանդիպեք, քննարկեք, խորհուրդներ տվեք միմյանց: Խնդիրների մասին ուրիշների հետ կիսվելը ոչ թե թուլության, այլ ուժեղության նշան է: Եթե ցանկանում եք Հայաստանում ինչ-որ բան փոխել, պետք չէ այդ մասին գոռալ. եթե 100 հոգուցդ յուրաքանչյուրն իր շրջապատում 10 հոգու կարողանա ոգեւորել, որ հարկավոր է ինչ-որ բան փոխել, այդ գործընթացն ինքնըստինքյան տեղի կունենա: Ցո՛ւյց տվեք նրանց, թե ինչ եք անում դուք:

Եթե Հայաստանն ունենա 50 հազ. որակյալ ՏՏ մասնագետ, ապա մեկ օրում այն աշխարհում առաջինը կդառնա:

Ալ Եսայանի մտքերը գրի է առել Նարինե Դանեղյանը