16:58 | 19.01.15 | Նորություններ | 3625

ՎիվաՍել-ՄՏՍ-ը նեոնատալ խնամքի բուժսարքավորումներ է հանձնել Էջմիածնի հիվանդանոցին

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը եւ BirthLink ՀԿ-ի տնօրեն Քեթի Մելորն այսօր այցելել են Էջմիածին քաղաքի կենտրոնական հիվանդանոց՝ վերջինիս տրամադրելով վաղահաս ծնված եւ առողջական խնդիրներով երեխաների խնամքի համար անհրաժեշտ սարքավորումներ:

Մասնավորապես, տրամադրվել են վերակենդանացման սարք, տաքացուցիչ, ռեսպիրատոր թերապիայի համակարգ, ինչպես նաեւ երակային ներարկման պոմպ:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի տարածած հաղորդագրության համաձայն՝ տրամադրված բուժսարքավորումների եւ սարքերի միջոցով հնարավոր կլինի պատշաճ բուժօգնություն ցուցաբերել առողջական խնդիրներ ունեցող եւ ոչ բավարար քաշով ծնված երեխաներին: Որոշ դեպքերում անհրաժեշտ բուժսարքավորումների առկայության շնորհիվ կարող է վերանալ տեղափոխման անհրաժեշտությունը:

«Ամենավհատեցնող զգացմունքները հուսահատությունն ու անզորությունն են, հատկապես երբ դա երեխայի կյանքին եւ առողջությանն է վերաբերում: Դժվար պահերին, երբ երեխայի կյանքը վտանգված է, կարևոր է իմանալ, որ կա վայր, որտեղ փորձառու բժշկական անձնակազմը հոգ կտանի առողջական խնդիրներ ունեցող երեխայի մասին՝ նորածնի կյանքը փրկելու համար անհրաժեշտ բոլոր սարքավորումներով հագեցած բաժանմունքում: Մենք ցանկանում ենք, որ ծնողները զգան, որ իրենք միայնակ չեն դժվարությունների առջեւ»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Այս տարի լրանում է BirthLink ՀԿ-ի եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ի՝ վաղածին երեխաների խնամքի բարելավմանը եւ նորածնային մահացության ցուցանիշի կրճատմանն ուղղված համագործակցության յոթերորդ տարին:

Ծրագիրը մեկնարկել է 2008թ. եւ մինչ այժմ ընդգրկել է Երևանի 12 եւ Հայաստանի 7 մարզերի 23 նորածնային բաժանմունք: Ծրագրի իրականացման համար ՎիվաՍել-ՄՏՍ-ը մինչ օրս հատկացրել է մոտ 535 միլիոն դրամ: