16:13 | 16.01.15 | Նորություններ | 3304

ՎիվաՍել-ՄՏՍ-ն ու BirthLink-ը շարունակում են աջակցել նեոնատալ խնամքի բարելավմանը

 ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը և BirthLink ՀԿ-ի տնօրեն Քեթի Մելորն այցելել են Երևանի վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ:

Հիվանդանոցն այս տարի ստացել է ինտենսիվ խնամքի երկու մանկական մահճակալ՝ առողջական խնդիրներ ունեցող երեխաների առաջնային բուժօգնության համար, ինչպես նաև հավելյալ սարքավորումներ՝ շնչառական խնդիրների կարգավորման համար և ուլտրաձայնային ախտորոշիչ, որը նախատեսված է կյանքի առաջին մի քանի շաբաթվա ընթացքում ուղեղի փոփոխությունները և զարգացումը վերահսկելու համար:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի տարածած հաղորդագրության համաձայն՝ տրամադրված սարքավորումների միջոցով հնարավոր կլինի որակյալ բուժօգնություն ցուցաբերել առավել մեծ թվով նորածինների, բացի այդ՝ առավել դյուրին կդառնա առողջական խնդիրներ ունեցող երեխաների ախտորոշումը և նրանց առողջական վիճակի վերահսկումը:

BirthLink-ն այս հիվանդանոցին աջակցություն է ցուցաբերում 2009-ից ի վեր:

«Նորածին երեխաները, ավելի քան որևէ մեկը, մեր հոգածության և նվիրման կարիքն ունեն: Մենք չպետք է անտարբեր լինենք և նորածնային մահացության բարձր ցուցանիշի դեմ պայքարում չպետք է անօգնական թողնենք ծնողներին, բժիշկներին ու հասարակությանը, որովհետև ընդհատված յուրաքանչյուր կյանքի հետ նվազում է մարդկության հուսալի ապագայի հնարավորությունը: Մենք խորապես հավատում ենք, որ յուրաքանչյուրն արժանի է լսելու «Մայրի՛կ, Հայրի՛կ, ես ձեզ սիրում եմ» բառերը»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Նա նշել է, որ երեխան լիարժեք ընտանիքի գրավականներից մեկն է, իսկ ընտանիքը` ամուր հասարակության գրավականը:

«Կայուն հասարակությունն էլ, իր հերթին, կարևորագույն նախապայման է երկրի զարգացման և առաջընթացի համար: Մենք ցանկանում ենք պայքարել Հայաստանում ծնված յուրաքանչյուր երեխայի կյանքի համար, ցանկանում ենք, որ մեր մանուկները ոչ միայն երջանկություն պարգևեն իրենց ծնողներին, այլ նաև առողջ և արժանի անհատներ դառնան մեր հասարակության, մեր երկրի համար: ՎիվաՍել-ՄՏՍ-ը և BirthLink ՀԿ-ն իրենց մասնակցությունն են ունենում այդ պայքարին` կանգնելով հայ բժիշկների կողքին, տրամադրելով անհրաժեշտ բուժսարքավորումներ, ինչու ոչ` նաև հոգեբանական աջակցություն` իրենց ոչ դյուրին, բայց անգնահատելի աշխատանքն առավել արդյունավետ դարձնելու համար»,- հավելել է Ռալֆ Յիրիկյանը:   

Այս տարի լրանում է BirthLink ՀԿ-ի և ՎիվաՍել-ՄՏՍ-ի՝ վաղածին երեխաների խնամքի բարելավմանը և նորածնային մահացության ցուցանիշի կրճատմանն ուղղված համագործակցության յոթերորդ տարին: Ծրագիրը մեկնարկել է 2008թ. և մինչ այժմ ընդգրկել է Երևանի տասներկու և Հայաստանի 7 մարզերի 23 նորածնային բաժանմունք: Ծրագրի իրականացման համար ՎիվաՍել-ՄՏՍ-ը մինչ օրս հատկացրել է մոտ 535 մլն դրամ: