15:57 | 23.12.14 | Նորություններ | 3710
Երեւանի կենդանաբանական այգում դեկտեմբերի 20-ին անցկացվել է «Ապրող ծառ» բնապահպանական տոն-մրցույթը՝ Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC), նրա գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ Երեւանի կենդանաբանական այգու համատեղ նախաձեռնությամբ:
Մրցույթին մասնակցել է 500 դպրոցական:
Որոշակի կանոնների հետեւելով՝ մրցույթ-փառատոնի մասնակիցներն անձամբ պատրաստել են զարդարանքներ՝ կիրառելով արդեն իսկ օգտագործված անպիտան իրերը: Պոլիէթիլենային շշերն ու բաժակները, հին ձայնասկավառակները, ստվարաթուղթն ու թելերը, ընդեղենի կեղեւը եւ այլ նյութեր երեխաների ձեռքերով նոր շունչ են ստացել՝ վերածվելով բնապահպանական ինքնատիպ զարդարանքների:
«Կարեւոր է, որպեսզի մարդիկ շրջակա միջավայրի նկատմամբ ուշադիր լինեն վաղ տարիքից: Այս միջոցառումների միջոցով մենք ցանկանում ենք խրախուսել երեխաներին, որպեսզի նրանք մտածեն բնության եւ դրա պահպանության գործում իրենց դերի մասին»,- ասել է Երեւանի կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը:
Լավագույն էկո-տոնածառ, էկո-ձնեմարդ եւ Սուրբ ծննդյան մսուր պատրաստած մասնակիցները մրցանակներ են ստացել: Կրթական խաղի տաղավարում Կենդանաբանական այգին ավանդաբար հեծանիվ է խաղարկվել, որի հաղթողն է դարձել 13-ամյա Նարինե Զախարյանը: