11:47 | 18.12.14 | Նորություններ | 3539

ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ Թումանյան համայնքում բացվել է ստեղծագործարան

ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ «Հայաստանի մանուկներ հիմնադրամ»-ի (COAF) համատեղ ծրագրի արդյունքում բացվել է կրթության արդի պահանջներին համապատասխանող հինգերորդ կրթասրահը Հայաստանում:

Լոռու մարզի Թումանյան համայնքի դպրոցի նորաբաց ստեղծագործարանը հագեցած է էլեկտրոնային գրատախտակով (smart board), համակարգիչներով, հատուկ շարժական կահույքով:

ՎիվաՍել-ՄՏՍ-ում նշում են, որ համատեղ այս ծրագրերը նպատակ ունեն նպաստել գյուղական համայնքների հավասարաչափ զարգացմանն ու դպրոցները համալրել տեղեկատվական տեխնոլոգիաներով:

«ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարեւոր է համարում այն ամենը, ինչ վերաբերում է երեխաների կրթությանը եւ ապագային եւ աջակցություն է ցուցաբերում այդպիսի նախագծերի իրականացմանը: Մարզերում ապրող երեխաների համար հատկապես անհրաժեշտ է հասանելի դարձնել կրթական գործիքները, ինֆորմացիայի աղբյուրները, սատար կանգնել նրանց` պատշաճ կրթություն ստանալու գործում եւ հայրենիքում լիարժեք ապրելու եւ աշխատելու հնարավորություն ստեղծելու հարցում: Այս նախագիծը եւս մեկ քայլ է այդ նպատակներն իրականացնելու ճանապարհին»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Թումանյան համայնքի դպրոցում սովորում է 124 աշակերտ: Հաշվի առնելով, որ Թումանյանը գտնվում է Երեւան-Թբիլիսի մայրուղու վրա, եւ նրա դիրքը ռազմավարական նշանակություն ունի, ստեղծագործարանը կծառայի ոչ միայն Թումանյանին, այլեւ Լոռու մարզի Թումանյանի ամբողջ տարածաշրջանի բնակչությանը:

2013-2014 թթ. ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ COAF-ի գործակցության արդյունքում ժամանակակից կրթասրահներ են բացվել Արմավիրի մարզի Սարդարապատ, Վանանդ եւ Հացիկ, Արագածոտնի մարզի Արտենի համայնքներում: