ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը
14:35 | 15.12.14 | Նորություններ | 1848
Երեւանում այսօր ազդարարվել է ՀՀ կառավարության եւ Եվրոպական Միության համատեղ ջանքերով իրագործված «Էլեկտրոնային Հայաստան» ծրագրի ավարտը:
Ինչպես հաղորդում են կառավարության մամուլի ծառայությունից, ծրագրի ավարտն ազդարարվել է «Հայաստանում էլեկտրոնային կառավարման համակարգային զարգացում» համաժողովի շրջանակում:
Միջոցառման ընթացքում ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրել է «Էլեկտրոնային պատրաստություն-2014» զեկույցը, որի ընթացքում էլ տեղի է ունեցել e-citizen.am էլեկտրոնային պորտալի շնորհանդեսը:
«Ծրագրի նպատակն էր ստեղծել մի այնպիսի միջավայր, որտեղ նվազագույնի կհասնի քաղաքացի պետական պաշտոնյա շփումը, ինչի արդյունքում կնվազեն կոռուպցիոն ռիսկերը, կապահովվի մատուցվող ծառայությունների բարձր որակ եւ հասանելիություն։ Այսօր կարող ենք արձանագրել, որ Հայաստանի բնակչության 67 տոկոսն օգտվում է համացանցից, իսկ ընտանիքների հասանելիության աստիճանը համացանցին էլ ավելի բարձր է՝ 82 տոկոս: Սա արդեն համեմատական ցուցանիշ է Եվրամիության երկրների կտրվածքով եւ տարածաշրջանում բարձր ցուցանիշներից մեկն է: 2014թ. ՄԱԿ-ի էլեկտրոնային կառավարության պատրաստվածության ինդեքսով Հայաստանը զբաղեցրել է 61-րդ տեղը, ինչը զգալի առաջընթաց է նախորդ ցուցանիշի համեմատ՝ 2012թ.՝ 94-րդ տեղ»,- ասված է վարչապետ Հովիկ Աբրահամյանի ուղերձում, որն ընթերցել է Դավիթ Հարությունյանը:
Վարչապետն իր ուղերձում հավելել է նաեւ, որ «այս ոլորտում առկա ներուժն ամբողջությամբ իրացված չէ, եւ դեռ անելիքներ կան»:
«Հայաստան-էլեկտրոնային կառավարման համակարգային զարգացում» ծրագիրը մեկնարկել էր 2012թ. (տեւողությունը` 24 ամիս): Այն ֆինանսավորվում էր Եվրամիության կողմից եւ արժեր 1,4 մլն եվրո: