09:45 | 01.12.14 | Նորություններ | 3159

Կոտայքի մարզում բացվել են «Beeline երեխաների զարգացման անկյուններ»

Beeline-ը եւ Մանկական զարգացման հիմնադրամը «Beeline երեխաների զարգացման անկյուններ» են բացել Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի թիվ 8 «Հրաշք» մանկապարտեզում եւ Աբովյանի թիվ 7 հիմնական դպրոցում:

Անկյունները բացվել են «Գիտելիք հանուն բարեկեցության» ծրագրի շրջանակում՝ նպատակ ունենալով խթանել ներառական կրթության զարգացումը Հայաստանի մարզերում եւ Երեւանում:

Նոր բացված  կենտրոնները զինվել են հատուկ զարգացնող խաղերով եւ գրականությամբ, իսկ այն մասնագետներն, ովքեր պետք է աշխատեն կենտրոններում անցել են վերապատրաստման բարձրակարգ դասընթացներ եւ խորհրդատվություն: 

«Կրթվելու եւ զարգանալու պայմանները պետք է հավասար լինեն յուրաքանչյուր երեխայի համար, սակայն մենք պետք է մի փոքր ավելի ուշադիր լինենք հատուկ կարիքներով երեխաների հանդեպ։ Համապատասխան ուսումնական պայմանների ապահովումը եւ ներառական կրթության որակի բարձրացումն առանցքային նշանակություն ունեն նրանց մտավոր ներուժի զարգացման գործընթացում։ Համոզված եմ, որ Beeline կենտրոնների միջոցով մենք ոչ միայն կկարողանաք օգնել երեխաներին դարձնել իրենց կյանքն ավելի լավը, այլ մեզ կհաջողվի նրանց փոխանցել մեր ջերմությունն ու ուշադրությունը», – ասել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

«Մանկական զարգացման հիմնադրամը» կարեւորում է  կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ներառումը: Ներառական կրթության զարգացմանն ուղղված բազմաթիվ  անելիքներ կան, եւ  դրանց իրականացումը մեծ ջանքեր է պահանջում: Հատկանշական է,  որ մեր գործընկեր Beeline-ը կարեւորում  է  նման ծրագրերի նախաձեռնումը  եւ խթանում  է դրանց իրականացումը հատկապես մարզերում, իսկ նման ծրագրերը փոխում են հասարակության վերաբերմունքը մարդկանց առանձնահատկությունների նկատմամբ», - ասել է Մանկական զարգացման հիմնադրամի տնօրեն Լուսինե Սիմոնյանը։

 «Գիտելիք հանուն բարեկեցության» ծրագիրը մեկնարկել է  2014թ–ի սեպտեմբերի 10-ին։ Ծրագրի շրջանակում Արարատի մարզի Այնթափ համայնքի մանկապարտեզում եւ Նոր Խարբերդի թիվ 2-րդ դպրոցում բացվել են «Beeline երեխաների զարգացման անկյուններ» հատուկ կարիքներ ունեցող երեխաների համար, ինչպես նաեւ  անց է կացվել «Այսօրվա աշխարհը երեխաների աչքերով» խորագրի ներքո միջոցառում Գորիս քաղաքում։